Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը թվիեթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է․«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»։ Տուսկը հավելել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում՝ ցուցաբերելով քաղաքական կամք՝ դրա լիակատար վավերացման և իրականացման համար։
ԵԺԿ նախագահի այս դիրքորոշումը մեղմ ասած տարակուսելի է։ Խնդիրն այն է, որ ԵԺԿ-ն տարիներ առաջ մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության հայտը՝ ըստ էության այն հիմնավորմամբ, որով այսօր իրավական գործընթացներ են իրականացվում այդ ուժի նկատմամբ Հայաստանում։ ԵԺԿ-ի մերժման հիմքում ընկած էր այն մոտեցումը, որ օլիգարխիկ ծագում ունեցող քաղաքական միավորը չի կարող տեղ ունենալ եվրոպական կուսակցությունների ընտանիքում։
Գրառումն ինքնին արժեք չունի, սակայն դրա բովանդակությունը չափազանց մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական զարգացումների խորապատկերում։ Նման մոտեցմամբ եվրոպական ամենամեծ քաղաքական միավորներից մեկի ղեկավարը ըստ էության կասկածի տակ է դնում եվորապական ու ժողովրդավարական արժեքները, նպաստում է հայ հասարակության շրջանում դրանց նկատմամբ վերապահ մոտեցումների ձևավորմանը։
Հասկանալի է, որ ԵԺԿ նախագահի այս գրառումը առավելապես հնարավոր է դարձել այդ կուսակցությանն անդամացող ՀՀԿ-ի ջանքերի շնորհիվ, ինչը էլ ավելի խնդրահարույց ու կասկածելի է դարձնում Տուսկի ղեկավարած կուսակցության անաչառությունը։ Եվրոպացիները ի վերջո պետք է գիտակցեն, որ նման մոտեցումներով, առավել ևս ՀՀԿ-ի հետ գործակցությամբ վտանգի տակ են դնում առաջին հերթին եվրոպական արժենքներն ու գաղափարները։
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3380010362029667/?type=3&__xts__%5B0%5D=68.ARD-efoLJdTu7WAiFmQl_fZiFq5b46KjYnByS_s2nO8zz4N6P7c-sI8pDroPJRtSGeYCHngjWsJfiCfC6YiGKZtbh3EPuhnZvmjvr3piyy-edJP_inEfBWnk5LG7Vi6JjTURkVIoQxN2n7pzPCNG1R853XkgxHFoBu2BE8Hd5mDh86Bhc5HQev0L6mpJsL4JIDEyCBowc2gt1kys_3yH9UECFd-typTNme772Dj6KNA5JHDZHl9S8lXDqiXw58MGE0L0DFYehxVmjxqyuZi4DLRDoQC6vUkI4OBOh4nUV99Y9dR0L-yK_ZqxQCUTUhs_m531rZDO590heZFignQDC6pqPhhFOkt8jCYTW4IJK8acsS7cUQXstNUH&__tn__=-RH-R