Ոստիկանության մամուլի ծառայության հայտարարության համաձայն Մարտի 25-ից սկսած արդեն մի քանի օր համատարած խուզարկություններ են իրականացվում Բևեռի աջակիցների տներում, ինչպես Երևանում, այնպեսէլմարզերում։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հետաքննության համար կարևորություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, պլաններ, սխեմաներ, որոնք ենթադրաբար կապված են եղել հակակառավարական գործողությունների, իշխանապոխությանհետ։
ԱԱԾ հատուկ ջոկատայիններին և ոստիկաններին հանձնարարվել է միաժամանակյա խուզարկություններ նախաձեռնել՝ կուսակցության անդամներին հանկարծակիի բերելու և նրանց գործողությունները բացահայտելու համար։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից տեղեկացանք, որ այս օպերատիվ գործողություններն ընդգրկել են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և ԱԺԲ մի շարք գրասենյակներ։
Մարտի 29-ին վաղ առավոտյան ուժային կառույցները խուզարկություններ են իրականացրել նաև ԱԺԲ գրասենյակներում: Այս մասին տեղեկացանք «Բեւեռի» մամուլի կենտրոնի պատասխանատու Հերմինե Մկրտչյանից:
«Առավոտյան 7:30-ից, ինչպես հասկացանք, ոստիկանությունը եւ ԱԱԾ—ն միասին, դիմակավորված, որոշ դեպքերում՝ զինված, զանգվածային խուզարկություններ են իրականացրել ԱԺԲ երեւանյան եւ մարզային գրասենյակներում: Չգիտեմ, թե ինչ են փնտրում եւ ինչ պատճառաբանությամբ, որովհետեւ մեծ մասի հեռախոսներն առգրավված են: Սակայն տեղյակ եմ, որ գրասենյակներից համակարգիչներ եւ տեխնիկա են առգրավել»,-ասաց Հերմինե Մկրտչյանը:
Ուժայինների հեռանալուց հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գրասենյակներից առգրավվել են համակարգիչները և փաստաթղթեր: « Ցանկացած փաստաթուղթ, որն իրենց հետաքրքրում է, առգրավեցին: Այսինքն, այլեւս հնարավոր չէ, որ քաղաքական միավորը իր գործունեությունն իրականացնի: Տպավորություն կար, որ իրենք ոչ թե կոնկրետ բան են փնտրում, այլ քաղաքական միավորի գործունեությունը խոչընդոտում են: Ինձ համար տարօրինակ է, որ դատարանները շատ հեշտ թույլ են տալիս խուզարկություն իրականացնել»,-ասաց փաստաբանը:
Լուրեր կան, որ առաջիկա օրերին սպսվում է նաև Ժիրայր Սեֆիլյանի և Վահե Գասպարյանի կալանավորումը։ Որոշ տեղեկություններով, Սասուն Բալումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։