Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։
Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան
Քաղաքական բռնությունը միշտ չէ, որ սկսվում է ոստիկանական բաժանմունքից, դատարանի դահլիճից կամ հանրահավաքի ժամանակ։ Երբեմն այն առաջին անգամ մտնում է մարդու տուն, հայտնվում ընտանեկան հարաբերությունների մեջ և հարազատի ձեռքով փորձում լռեցնել այլ կարծիք ունեցողին։ Ընտանեկան բռնությունն ընդունված է դիտարկել որպես անձնական կամ կենցաղային խնդիր։ Սակայն այն այլ բնույթ է ստանում, երբ բռնության նպատակը կնոջ քաղաքական կամքը կոտրելը, նրան ընդդիմադիր գործունեությունից հեռացնելը կամ իշխանության նկատմամբ քննադատությունից հրաժարվել ստիպելն է։ Նման իրավիճակում ընտանեկան բռնությունն այլևս միայն փակ դռների հետևում տեղի ունեցող դեպք չէ։ Այն դառնում է քաղաքական ճնշման գործիք։ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությամբ ունի քաղաքական ուժ ընտրելու, կուսակցության անդամ դառնալու, հանրահավաքների մասնակցելու և իշխանություններին քննադատելու իրավունք։ Այդ իրավունքները չեն վերանում այն պատճառով, որ ընտանիքի անդամներից մեկը համաձայն չէ տվյալ ընտրության հետ։ Ոչ հայրը, ոչ ամուսինը և ոչ էլ որևէ այլ հարազատ իրավունք չունեն որոշելու, թե կինը որ կուսակցությանը պետք է աջակցի կամ ինչ տեսակետ արտահայտի։ Իմ կյանքում քաղաքական անհանդուրժողականությունը հենց ընտանիքի ներսում վերածվեց բռնության։ «Հայրենիք» կուսակցության անդամ դառնալուց հետո իմ քաղաքական ընտրությունն ընկալվեց ոչ թե որպես քաղաքացու օրինական իրավունք, այլ որպես անձնական դավաճանություն։ Ինձանից պահանջում էին հրաժարվել իմ հայացքներից և դադարեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվելը։ Սակայն այս հոդվածը միայն իմ պատմության մասին չէ։ Այն բազմաթիվ կանանց մասին է, որոնք ընտանիքի ներսում ենթարկվում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, տնտեսական և քաղաքական ճնշումների։ Նրանցից պահանջում են լռել, չմասնակցել հանրային կյանքին, չարտահայտել սեփական կարծիքը կամ աջակցել ընտանիքի ազդեցիկ անդամի նախընտրած քաղաքական ուժին։ Հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ բռնություն գործադրող անձն ունի քաղաքական, գործարար կամ իրավապահ կապեր։ Նման պայմաններում տուժողը կարող է վախենալ, որ իր բողոքը պատշաճ ընթացք չի ստանա, իսկ բռնարարը պատասխանատվության չի ենթարկվի։ Այդ վախն ավելի է խորանում, երբ ներկայացված հաղորդումները մնում են անհետևանք, գործերը կարճվում են, կամ տուժողին առաջարկում են պարզապես հաշտվել կատարվածի հետ։ Տուժող կանանց լռությունը հաճախ սխալմամբ մեկնաբանվում է որպես համաձայնություն կամ դեպքի ոչ բավարար լրջության ապացույց։ Իրականում լռության հիմքում կարող են լինել վախը, ամոթը, տնտեսական կախվածությունը, հասարակական դատապարտումը և իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունը։ Կինը կարող է վա
խենալ ոչ միայն բռնարարից, այլև այն համակարգից, որը, իր համոզմամբ, ունակ է պաշտպանելու նրան։ Պետության պարտականությունը միայն արդեն կատարված բռնությունն արձանագրելը չէ։ Այն պետք է ստեղծի այնպիսի պաշտպանական համակարգ, որտեղ տուժողը կարող է անվտանգ հաղորդում ներկայացնել, ստանալ անհապաղ օգնություն և վստահ լինել, որ իր անձնական տվյալներն ու անվտանգությունը պաշտպանված են։ Անհրաժեշտ են նաև ապաստարաններ, անվճար իրավաբանական աջակցություն և հոգեբանական վերականգնման հասանելի ծառայություններ։ Հասարակությունը նույնպես պատասխանատվություն ունի։ «Ընտանիքի հարց է», «հայրդ է», «պետք է ներես» կամ «քաղաքականությունից հեռու մնայիր» արտահայտությունները չեն լուծում խնդիրը։ Դրանք միայն մեկուսացնում են տուժողին և պատասխանատվությունը բռնարարից տեղափոխում նրա վրա։ Ոչ մի կին չպետք է ընտրություն կատարի իր անվտանգության և քաղաքական համոզմունքների միջև։ Ոչ ոք չպետք է բռնության ենթարկվի այն պատճառով, որ անդամակցում է ընդդիմադիր կուսակցության, քննադատում է կառավարությանը կամ այլ կերպ է պատկերացնում իր երկրի ապագան։ Ես ընտրել եմ խոսել, որովհետև լռությունն ինձ չպաշտպանեց։ Խոսում եմ նաև այն կանանց փոխարեն, որոնք դեռևս չեն կարողանում հրապարակայնորեն պատմել իրենց ապրածի մասին։