ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասն աջակցում է Թրամփի՝ ՀՆԱ-ի 5%-ը պաշտպանության մեջ ներդնելու պահանջին. Ռյուտտե

ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցների մեծ մասն աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտպանության մեջ ՀՆԱ-ի 5 տոկոսը ներդնելու կոչին և պատրաստ է էլ ավելի մեծացնելու անվտանգության ծախսերը, հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է Associated Press-ը։

«Կա լայն աջակցություն»,- լրագրողներին ասել է Ռյուտտեն Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։

«Մենք իսկապես մոտ ենք դրան»,- շեշտել է նա՝ հավելելով, թե լիովին վստահ է, որ դրան կհասնեն մինչև ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա երեք շաբաթից:

Ուկրաինայում պատերազմն սկսվելուց ի վեր եվրոպացի դաշնակիցները և Կանադան արդեն մեծ ներդրումներ են անում իրենց զինված ուժերի, ինչպես նաև զենքի և զինամթերքի մեջ։

Միևնույն ժամանակ, նրանցից մի քանիսը մերժել են ԱՄՆ պահանջները՝ ՀՆԱ-ի 5%-ը ներդնելու պաշտպանության մեջ՝ 3.5%-ը՝ հիմնական ռազմական ծախսերի և 1.5%-ը՝ բանակների ավելի արագ տեղակայման համար անհրաժեշտ ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների և նավահանգիստների վրա։

2023 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարում, ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցին ազգային պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը։ Մինչ օրս 32 մասնակից երկրներից 22-ն արդեն դա արել են, մինչդեռ մյուսները դեռ փորձում են դա անել։ Թրամփը և նրա ՆԱՏՕ-ի գործընկերները, հավանաբար, նոր նպատակը կհաստատեն հունիսի 24-25-ին Հաագայի գագաթնաժողովում։

Թրամփը պնդում է, որ ԱՄՆ դաշնակիցները պետք է ծախսեն միջոցների առնվազն 5%-ը, որպեսզի Ամերիկան ​​կարողանա կենտրոնանալ անվտանգության առաջնահերթությունների վրա այլուր, հիմնականում՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և սեփական սահմաններին։