Հայտնաբերվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ

Հայտնաբերվել և նկարագրվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ՝ Բորիսյակի ուրականը, որը բնակվել է Ռուսաստանում մոտավորապես 5-6 միլիոն տարի առաջ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բորիսյակի անվան պալեոնտոլոգիական ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Լոպատինը։

«Ես նկարագրել եմ ժամանակակից հսկա պանդաներին ազգակից հսկա արջերի անհետացած խմբից նոր տեսակ։ Ես այն անվանել եմ Բորիսյակի ուրական՝ ի պատիվ պալեոնտոլոգիական ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Ալեքսեյ Ալեքսեևիչ Բորիսյակի (1872–1944), որը, ի թիվս այլ բաների, ուսումնասիրել է բրածո արջերը», — ասել է Լոպատինը։

Ըստ գիտնականի՝ այդ տեսակը նույնքան խոշոր էր, որքան ավելի քան 700 կգ կշռող ժամանակակից ամենախոշոր գորշ արջերը։

«Բորիսյակի ուրականը խոշոր էր նույնիսկ հսկա արջերի չափանիշներով՝ մոտենալով այս խմբի ներկայացուցիչների առավելագույն չափերին։ Ինչպես բոլոր ուրականները, այն վիթխարի, արագ վազելու ունակ ակտիվ գիշատիչ էր»,- նշել է Հնէաբանական ինստիտուտի տնօրենը։

Հետազոտությունը կատարվել է Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերված մոտավորապես 5.5-6 միլիոն տարվա հնության մնացորդների վրա։

Մինչ այժմ Բորիսյակի ուրականը հայտնի է միայն մեկ առանձնյակից, սակայն շարունակում են հայտնաբերվել արջի նոր տեսակներ։

«Հին արջերը դեռևս սպառիչ հետազոտման կարիք ունեն, ուստի նոր տեսակներ կշարունակեն հայտնաբերվել աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում», — եզրափակել է Լոպատինը։