Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։
Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան
2025 թվականի դեկտեմբերի 29-ին խուզարկվեց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը, որից հետո նա ձերբակալվեց։ Իշխանությունները յուրաքանչյուր նման գործողություն ներկայացնում են որպես սովորական իրավական գործընթաց։ Բայց երբ նույն գործընթացները պարբերաբար ուղղվում են քաղաքական հակառակորդների դեմ, «պատահականություն» բառը կորցնում է իր համոզիչ ուժը։ Ես «Հայրենիք» կուսակցության անդամ եմ եղել և սեփական մաշկի վրա զգացել, թե ինչպես կարող է քաղաքական պատկանելությունը մարդուն դարձնել թիրախ։ Այդ պատճառով կուսակցության անդամների և նրանց ընտանիքների տներում իրականացվող խուզարկություններին չեմ կարող նայել որպես հեռավոր դիտորդ։ Խուզարկությունը միայն պահարաններ բացել կամ փաստաթղթեր վերցնել չէ։ Այն ներխուժում է մարդու անձնական տարածք, վախեցնում նրա ընտանիքին և շրջապատին ուղերձ հղում՝ վաղը նույնը կարող է պատահել ձեզ հետ։ Ավելի վաղ ձերբակալվել էին նաև Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցները։ Այնուհետև գործողություններ իրականացվեցին կուսակցության գլխավոր քարտուղարի նկատմամբ։ Այս ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ «Հայրենիքը» հայտարարել էր 2026 թվականի ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մտադրության մասին։ Հասարակությունն իրավունք ունի պահանջելու հստակ պատասխաններ։ Ի՞նչ ապացույցների հիման վրա են կատարվում այդ գործողությունները։ Ինչո՞ւ են դրանք ակտիվանում ընտրություններից առաջ։ Եվ ինչո՞ւ իշխանությանը մոտ կանգնած անձանց վերաբերյալ բարձրաձայնվող բազմաթիվ ահազանգեր հաճախ նույն արագ արձագանքը չեն ստանում։ Քաղաքական մրցակցությունը չի կարող կառուցվել խուզարկությունների և ձեռնաշղթաների վրա։ Եթե իշխանությունը վստահ է ժողովրդի աջակցությանը, ապա չպետք է վախենա ազատ ընտրությունից։