Մենք շատ ավելի ուժեղ և կայուն ենք, քան Պուտինը ցանկանում է հավատալ. ԵՄ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստել

Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը: Հիմնական նպատակն է սահմանափակել ՌԴ-ի էներգետիկ եկամուտները, չեզոքացնել նրա ստվերային նավատորմը և փակել պատժամիջոցներից խուսափելու սխեմաները:

Ըստ РБК-Украина-ի՝ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը դրա մասին հայտարարել է Ռիգայում Լատվիայի արտգործնախարար Բաիբա Բրաժեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ Վադեֆուլի, նոր սահմանափակումները նպատակ ունեն դիմակայելու Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին ծովում, օդում և կիբեռտարածությունում, ինչպես նաև պետք է միաժամանակ ամրապնդեն Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը:

«Մենք շատ ավելի ուժեղ և դիմացկուն ենք, քան Պուտինը ցանկանում է հավատալ: Ահա թե ինչու ենք ամբողջ թափով աշխատում 20-րդ պատժամիջոցների փաթեթի վրա»,- նշել է նախարարը:

Ըստ Վադեֆուլի՝ Ռուսաստանի ստվերային նավատորմը առանձնահատուկ սպառնալիք է ներկայացնում: «Պատժամիջոցներից խուսափող նավերը ոչ միայն ագրեսորին թույլ են տալիս եկամուտ ստանալ, այլև լուրջ սպառնալիք են ներկայացնում Բալթիկ ծովի առափնյա հատվածի համար»,- նշել է նա:

Նախարարը հավելել է, որ դրանք հաճախ վատ տեխնիկական վիճակում գտնվող նավեր են՝ անբավարար պատրաստված անձնակազմով, և նման լցանավերին առնչվող վթարը կարող է լուրջ աղտոտում առաջացնել Բալթիկ ծովի առափնյա հատվածում. «գոյություն ունի էկոլոգիական աղետի վտանգ՝ ամբողջ զբոսաշրջության ոլորտի համար՝ լուրջ տնտեսական հետևանքներով»։

Այդ սպառնալիքների դեմ պայքարելու համար ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել նման նավերի վերահսկողությունը, ավելի ակտիվորեն կիրառել ծովային օրենսդրությունը և ընդլայնել միջազգային համագործակցությունը։ Բալթյան երկրները տեղեկություն կփոխանակեն ստվերային նավատորմերի գործունեության և կանոնակարգերը խախտող նավերի սեփականատերերի վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք նաև միջոցներ ձեռնարկել այն նավերի դեմ, որոնց դրոշի կարգավիճակը անորոշ է։ Դա նախատեսված է նաև ծովային օրենսդրությամբ։ Այժմ մենք պետք է օգտագործենք ծովային գործող օրենսդրությունը՝ նման նավերը կանգնեցնելու համար»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։