Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ Դուք չեք կարող հավերժ լռեցնել մեզ

Պարո՛ն Փաշինյան, 2018 թվականին ես նույնպես հավատացել էի, որ Ձեր իշխանությունը Հայաստանում հաստատելու է արդարություն։ Հավատացել էի, որ այլևս չեն լինելու օրենքից վեր կանգնած պաշտոնյաներ, ոստիկանությունը չի ծառայելու քաղաքական պատվերներին, իսկ օլիգարխների ազդեցությունը կվերանա։ Այսօր Ձեզ գրում եմ որպես քաղաքացի, որը կորցրել է այդ հավատը։ Իմ քաղաքական համոզմունքների պատճառով ենթարկվել եմ ընտանեկան բռնության, նվաստացման, ոստիկանության ճնշումների և սպառնալիքների։ Երբ փորձել եմ պաշտպանություն խնդրել, պետական համակարգը, իմ համոզմամբ, պաշտպանել է ոչ թե ինձ, այլ իշխանության հետ կապեր ունեցող մարդկանց։ Ես լսել եմ Խաչատուր Սուքիասյանի անունը այն մարդկանցից, որոնք պետք է զբաղվեին իմ իրավունքների պաշտպանությամբ։ Ես տեսել եմ, թե ինչպես կարող են պատգամավորի կամ ազդեցիկ գործարարի կապերը ավելի ծանրակշիռ դառնալ, քան քաղաքացու բողոքը։ Դուք խոստացել էիք վերացնել օլիգարխիան։ Սակայն այսօր հասարակության մեջ կրկին քննարկվում են իշխանությանը մոտ կանգնած խոշոր գործարարների արտոնությունները։ Փոխվե՞լ է համակարգը, թե՞ պարզապես նախկին ազդեցիկ դեմքերին փոխարինել են նորերը։ Դուք խոսում եք ժողովրդավարությունից, բայց ընդդիմադիրների տներում խուզարկություններ են կատարվում։ Քաղաքական գործիչների շրջապատի ներկայացուցիչները ձերբակալվում են, իսկ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած ուժերը հետագայում հրաժարվում են պայքարից։ Կարող եք քրեական գործեր հարուցել, հրապարակումներ փակել և մարդկանց վախեցնել։ Բայց չեք կարող հավերժ լռեցնել բոլորին։ Ես Ձեզանից պաշտոն կամ արտոնություն չեմ պահանջում։ Պահանջում եմ միայն այն Հայաստանը, որը Դուք խոստացել էիք՝ պետություն, որտեղ մարդուն չեն պատժում իր կարծիքի համար։

Մարիամ Խուդոյան