Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

Harcazruyc Israjelum

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին: «Կարծում եմ՝ այս միջոցառմանը մասնակցելը Հայաստանի պարտքն էր, ինչպես նաև իմ պարտքը, որ եկել է իմ պապիկ-տատիկից, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:

Մենք այստեղ համախմբվեցինք՝ աշխարհին ուղղված մեկ հստակ ուղերձով՝ նման հանցագործություններն այլևս չպետք է կրկնվեն: Հոլոքոսթի ենթարկված մարդկանց տանջանքները, նրանց մասին հիշողությունները երբեք չեն մոռացվի: Հակառակ դեպքում, դա կլինի աշխարհի վերջը»,— ասել է նախագահ Սարգսյանը:

Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ինչպիսին է Հայաստանի նախագահի զգացողությունն այն պարագայում, երբ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում դիտարկել այն պատճառները, որոնց հիման վրա Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեկ բան պարզ է: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»,— ընդգծել է Հանրապետության նախագահը:

Ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք Հայաստանի նախագահը հիասթափված է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստից՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որը երբեք չի կորցնում լավատեսությունը: «Ես ակնկալում եմ, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները կխորանան: Մենք շատ ընդհանրություններ ունենք: Մենք երկուսս էլ փոքր պետություն ենք, սակայն՝ մեծ ազգ, որն ունի հսկայական մշակույթ: Մարդկության պատմությունը և հատկապես 20-րդ դարի պատմությունն այնքա՜ն վատ իրադարձություններ ունեն՝ Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ: Կարծում եմ՝ այլևս բավական է. մենք պետք է ավելի լավատես լինենք: Մենք պետք է համատեղ աշխատենք: Ես լավատեսորեն սպասում եմ, որ ոչ միայն բոլոր իմ հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո, ճանաչումը ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա»,— շեշտել է Հանրապետության նախագահը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…