Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց. Հայտնի է Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման օրը

Hanraqve

Հայաստանի նախագահի աշխատակազմը ներկայացրել է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ նախագահի գործառույթների մասին։

Պարզաբանման մեջ նշված է, որ նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումն է:

«Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», — ասված է պարզաբանման մեջ:

Ի դեպ, հայտնում են նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։