Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

Gurgen

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում:

Թեմայի շուրջ  փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանի և  Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանի հետ:

«Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական  բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային:

«Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն:

Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:

«Ադրբեջանի մասով խնդրել ենք, որ դատարանն արձանագրի կյանքի իրավունքի խախտում: Շեշտադրվում է այն, որ Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը: Նաև հարցեր ենք դրել այն մասին, որ ներում շնորհելը և ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Դա շատ կարևոր նշանակություն ունեցող հարցադրում է: Դրա արդյունքում պետք է հասնենք միջազգային դատական ատյանի կողմից հակահայկական խտրականության արձանագրմանը, ցույց տալով, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է որպես պետություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետևողական են լինելու Հունգարիայի դատարանի վճռի կատարմանը, այսինքն՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հետ ուղարկվի պատիժը կրելու:

Ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…