Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Dati e tvel

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քոչարյանն այսպիսով հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից նաեւ 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, արել է վարչապետը։

«Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում 3 տարբեր հայտարարություններ է արել»,- ասաց Ալումյանը: Հայցվորի ներկայացուցիչը, սակայն, այլ մանրամասներ չասաց՝ նշելով, որ հայցադիմումն այժմ ձեռքի տակ չէ, բայց այն կապված է վարչապետի՝ 2.4 միլիարդ դոլարով պաշտպանության բյուջեն ավելացնելու հայտարարության հետ:

Հավանաբար Ալումյանը նկատի ունի վարչապետի մարտի 11-ի ելույթը Շինուհայր համայնքում, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»:

Վարչապետը հիշեցրել էր նաեւ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ գումար ավելին ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, և այդ 2.5 միլիարդից 1.2-ը առնվազն պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված փողերը լինեն:

«Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և նրա ընտանիքի և մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»,- իր ելույթում հայտարարել էր Փաշինյանը։

 

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…