Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեկ անձ կալանավորվել է

vanadzor

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:

2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել էին ձախ թիակի բազմաբեկորային կոտրվածքի, գլխի ծոծրակային շրջանի, կրծքավանդակի հետին մակերեսի չթափանցող, ձախ ուսահոդի և պարանոցի հետին մակերեսի հրազենային կոտորակային կույր վնասվածքներ, իսկ մյուսին՝ կրծքավանդակի և որովայնի առաջային մակերեսների կույր թափանցող, ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային կոտորակային, ձախ ծղիկոսկրի կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հետագայում շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 34 տարեկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 34-ամյա բնակիչը, իր ծանոթների հետ, որոնց ինքնությունը քննությամբ դեռևս պարզված չէ, 2020 թվականի մարտի  24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա-Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղակայված ավտոլվացման կետին հարակից տարածքում, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է նույն քաղաքի երեք բնակիչների և նրանց ընկերների հետ, որի ժամանակ կողմերի միջև վիճաբանություն է ծագել: Այնուհետև, վիճաբանության ընթացքում, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով վիճաբանությանը ներկա գտնվող անձանց կյանքը:

Արձակված կրակոցների հետևանքով ներկա գտնվող անձանցից մեկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և մեղադրյալը կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրանք տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, որը հետախուզվում էր վերոհիշյալ հանցագործությունը կատարելու մեղադրանքով, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…