Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի

andznagir

 Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը: 

«Պատասխանատվության կիրառման համար լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում:  Շատ կարևոր է, թե անձը կոնկրետ պահին ունի անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ: Եթե ունի, ապա արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը: Ոստիկանությունը անձը նույնականացնելու գործառույթները կիրականացնի»,-ասաց Դանիելյանը: 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ կարելի՞ է հասկանալ, որ եթե քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, իրեն պետք է բերման ենթարկեն, որպեսզի տեղում հասկանան, թե ով է տվյալ անձը, նույնականացում իրականացնեն: «Այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ է կրկին ասել, որ քաղաքացիները միշտ ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ»,-նկատեց պատգամավորը: 

Փոխնախարարը շեշտեց՝ իրենց առաջին մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, դրա համար պահանջը սահմանվել է դիմակի մասով, ոչ թե անձը հաստատող փաստաթուղթ ունենալու, որ ենթարկվի պատասխանատվության: «Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-ասաց Դանիելյան:

Նա նաև վերահաստատեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են:

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու դեպքում տուգանքը մեղմել՝ սահմանելով 10 հազար դրամ: Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Աննա Գրիգորյան 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…