Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը պարզաբանել է Սամվել Բաբայանի լիազորությունների ընդլայնման հարցը

arcakh

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, լրատվամիջոցների հրապարակումներին ի պատասխան, հանդես է եկել Բաբայանի՝ որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ պարզաբանմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանման մեջ, հղում արվելով հայկական լրատվամիջոցներից մեկի հոդվածին, նշվում է, որ ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցնելով Արցախի անվտանգության սպառնալիքներին:

«Սամվել Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնմամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն: Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում»,- նշված է պարզաբանման մեջ:

Բաբայանի մամուլի ծառայությունը հերքում է նաև թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերի իսկությունը:

«Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը»,- ասված է հաղորդագրությունում:

Պարզաբանման մեջ անդրադարձ է կատարվում նաև Սամվել Բաբայանի կողմից մեքենա ձեռք բերելու հարցին:

«Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝ նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին»,- նշված է պարզաբանման մեջ:

Մամուլի ծառայությունը նշում է, որ Սամվել Բաբայանի՝ թիկնազորով շրջելու կապակցությամբ շահարկումները նույնպես անհիմն են:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story