Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է ավելի քան 7,2 միլիարդ դոլար

Korcrel e

«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է ավելի քան 7,2 միլիարդ դոլար։ Պատճառը մի քանի խոշոր ընկերությունների կողմից «Facebook» սոցիալական ցանցում գովազդ տեղադրելուց հրաժարվելն է։ Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։

Ընկերության բաժնետոմսերը ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին ընկել են 8,32 %-ով (Nasdaq բորսայում մեկ բաժնետոմսն արժե մինչև 260 ԱՄՆ դոլար), այն բանից հետո, երբ «Unilever» ընկերությունը (սոցցանցի ամենախոշոր գովազդատուներից մեկը) հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ որևէ ապրանքատեսակի համար գովազդ չի տեղադրի «Facebook» սոցիալական ցանցում, ներառյալ «Instagram»-ում։ Բացի այդ, «Unilever» ընկերությունը կհրաժարվի նաև «Twitter»-ում տեղադրվող գովազդներից։

Ընկերությունը հայտնել է, որ այս սոցիալիական ցանցերում գովազդի տեղադրումը «որևէ օգուտ չի տալիս մարդկանց և ընկերությանը»։ Այնտեղ հավելել են, որ որոշման ընդունումը կապված է նաև ԱՄՆ-ում առկա բևեռացված մթնոլորտի հետ։ «Դժվարությունները, որոնք կապված են ներկայիս մշակութային լանդշաֆտի հետ, ապրանքանիշների վրա նոր պատասխանատվություն են դրել՝ կրթելու, արձագանքելու և գործելու վստահելի ու անվտանգ թվային էկոհամակարգ ստեղծելու համար»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Բացի այդ, գովազդի տեղադրումն սոցցանցերում, ներառյալ «Facebook»-ում, դադարեցրել է ամերիկյան «Verizone» հեռահաղորդակցական ընկերությունը։ Վերջինս նշել է, որ կդադարեցնի իր աշխատանքները մինչ այն պահը, երբ «Facebook» ընկերությունը «կձեռնարկի ընդունելի որոշում, որը կստիպի ընկերությանն իրեն կոմֆորտ զգալ և կհամապատասխանի «Youtube»-ի և մյուս ընկերությունների հետ ձեռքբերված պայմանավորվածություններին»։ «Bussiness Insider»-ը նշել է, որ տարեկան «Verizone»-ը գովազդի վրա ծախսում է շուրջ 1 միլիարդ դոլար։

«Bloomberg Billionaries»-ը գրում է, որ բաժնետոմսերի արժեքի անկումից հետո՝ «Facebook»-ի շուկայական գինն ընկել է 56 միլիարդ դոլարով, որի արդյունքում Ցուկերբերգի կարողությունը կրճատվելով հասել է 82,3 միլիարդ դոլարի։ «Forbes»-ի հունիսի 27-ի տվյալներով՝ «Facebook»-ի հիմնադրի կարողությունը գնահատվում է 79,7 միլիարդ դոլար։

Ավելի վաղ, ռասիզմի պատճառով, առնվազն մեկ ամսով, սոցցանցերում գովազդ տեղադրելուց հրաժարվել էր «Coca Cola»-ն։ «Աշխարհում ռասիզմը տեղ չունի, իսկ սոցցանցերում տեղ չկա ռասիզմի համար»,- նշվում էր ընկերության հայտարարության մեջ։

 

hetq.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…