Մինչև տարեվերջ գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի իրավունքից կօգտվի մոտ 7 հազար շահառու

Gyughakan bnakavayr

Գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստի իրավունք սահմանելն ուղղված է ժողովրդագրական իրավիճակի բացասական միտումները մեղմելուն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նպաստը հատկացվելու է անկախ ծնողի աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից:

«Նպաստը լինելու է 26 հազար 500 դրամի չափով: Ասեմ, որ աշխատող ծնողի պարագայում երեխայի խնամքի նպաստի չափը ևս ավելանում է հուլիսի 1-ից՝ դառնալով 26 հազար 500 դրամ: Ստացվում է, որ եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը նաև աշխատում է, ապա նա երեխայի նպաստ կստանա կրկնակի չափով, այն է՝ և՛ որպես աշխատող ծնող, և՛ որպես գյուղական բնակավայրում ապրող»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ից: Մինչև տերեվերջ երեխաների նպաստի համար նախատեսված է 450 մլն դրամ: Խիստ նախնական հաշվարկներով մոտ 7 հազար շահառու կօգտվի այս իրավունքից: 2021 թվականին ամբողջ տարվա համար այս ծրագրով անհրաժեշտ կլինի 4 մլրդ դրամ:

«Ասեմ, որ օրենքով սահմանված պարտադիր պահանջ է, որպեսզի ծնողը և երեխան հաշառված լինեն գյուղական բնակավայրերում և երեխան փաստացի բնակվի գյուղական բնակավայրում»,- ասաց նախարարի տեղակալը:

Փոփոխություն է կատարվել խնամքի նպաստի համար դիմելու ժամկետի հետ կապված: Մասնավորապես, գործող կարգով, եթե ծնողը դիմում է նպաստի համար, և այն փոխանցվում է բանկ, ապա մեկ տարվա ընթացքում պետք է մոտենա և ստանա: Եթե մեկ տարվա ընթացքում չի ստանում, ապա կորցնում է նպաստի իր իրավունքը: Փոփոխության համաձայն, երեխայի նպաստը կվճարվի, եթե ծնողը կրկին դիմում ներկայացնի: Այս փոոխությունն ունի հետադարձ ուժ: Նախկինում նման խնդրի առաջ կանգնած անձինք ևս կարող են դիմել: Մեկ այլ փոփոխության համաձայն, խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս: Վերանայվել է նաև չվճարված խնամքի նպաստի վճարման պայմաններն ու կարգը:

«Գործող օրենսդրության համաձայն, եթե խնամքի նպաստը նշանակվել է և չի վճարվել, ապա դա վճարվում է դիմելու օրվանից նախորդող վեցամսյա ժամանակահատվածի համար: Այսինքն, եթե խնամքի նպաստի իրավունքը տրվել է, սակայն վճարը ստանալու համար ինչ-ինչ պատճառներով դիմել է մեկ տարի անց, ապա, միևնույն է, վճարվում էր վեց ամսվա համար: Այս փոփոխությամբ կվճարվի դիմելուն նախորդող ամբողջ ժամանակահատվածի համար: Եթե, իհարկե, դիմումը ներկայացվել է մինչև երեխայի 3 տարին լրանալը»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…