Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձն իջեցվել է, երթն արվում է կանգառներով

Giny ijel e

Ավելի քան երկու անգամ իջեցվել է Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը. նախկինում այն 2500 դրամ էր, հիմա՝ 1200 դրամ է. այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց Հարավ-կովկասյան երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը՝ ի պատասխան գնային քաղաքականության վերանայման մասին հարցին:

Փոփոխություն կա նաեւ չվացուցակում. խոսնակի փոխանցմամբ՝ նախկինում գնացքներն ուրբաթ, շաբաթ, կիրակի էին գնում՝ ճեպընթացի ռեժիմով՝ Երեւան-Գյումրի առանց կանգառների: Հիմա Հարավ կովկասյան երկաթուղիների մեկ նոր գնացք ամեն օր ուղեւորներ է փոխադրում Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ: «Որոշեցինք, որ պիտի կանգառներով գնա, քանի որ մեր հարցումների համաձայն՝ դրա պահանջարկը կար: Ուղեւորներ ունեինք Արմավիրից, Դալարիկից, մյուս կանգառների կարիքն էլ կար: Այսպես որոշվեց, որ այս կողմերի ժողովուրդն էլ օգտվեր, ոչ թե միայն՝ Երեւանից Գյումրի մեկնողները կամ վերադարձողները»:

Գրձելյանի խոսքով՝ այս մոտեցմամբ ՀԿԵ-ն աշխատում է դեռ ընդամենը երկու օր եւ դժվար է ընդհանուր առմամբ գնահատել, թե փոփոխություններն ինչպես են ընդունվել, սակայն այս պահին ուղեւորահոսքը բավարար է. «Նախնական տվյալներով՝ զգուշավոր լավատեսությամբ կարող ենք ասել, որ ժողովուրդն օգտվում է, եւ կարծես թե ողջունում է այս մոտեցումը»:

Կորոնավիրուսի՝ ուղեւորահոսքի վրա ունեցած ազդեցության մաիսն հարցին պատասխանալով՝ նա նշեց, որ ուղեւորահոսքը բավական պակասել է, եւ դրա պատճառն է հատկապես միջազգային երթերի՝ դեպի Թբիլիսի եւ դեպի Բաթումի, դադարեցումը, սակայն տեղական՝ էլեկտրագնացքների ուղեւորահոսքը պահպանվել է: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ այս տարի հունվար-մայիսի ուղեւորահոսքի անկումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է 17.7 տոկոս՝ ներառյալ միջազգային երթերը: «Օրինակ, այդ նույն ժամանակահատվածում Երեւան-Երասխ էլեկտրագնացքի ուղեւորափոխադրումն աճել է 3 տոկոսով: Մի պահ, երբ միջքաղաքային ավտոբուսների երթերը հանվեցին, միայն մենք էինք աշխատում, այդ ժամանակ տեղական գնացքների ծանրաբեռնվածությունը բավական մեծացավ: Եվ հետո էլ, երբ արդեն Արտաշատի, Արմավիրի ավտոբուսները սկսեցին աշխատել, ուղեւորները շարունակեցին օգտվել էլեկտրագնացքից, քանի որ տեսել էին, որ այն ավելի հարմար է: Մարդիկ գնացքը նախընտրում են նաեւ այն բանի համար, որ այստեղ հնարավոր է սոցիալական հեռավորությունը պահել, մուտքի մոտ կան ալկոգելեր, օգտվում են: Մեզ մոտ նույնիսկ պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը 100 տոկոսի չի հասնում. հնարավորություն է լինում նստել հեռու-հեռու: 400 հոգանոց էլեկտրագնացքում, եթե 200 ուղեւոր էլ լինում է, մարդիկ կարողանում են իրարից բավական հեռու նստել»:

Դեռ չի վերագործարկվել  դեպի Սեւան ուղղությունը. ՀԿԵ-ում սպասում են պարետատան որոշմանը: Այս գնացքները, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, մշտապես ծանրաբեռնված են լինում, եւ պահպանել սոցիալական հեռավորությունն, ինչպես մյուս ուղղություններում է, դժվար կլինի: «Եթե դեպի Սեւան ուղղությունն այսօր բացենք, հնարավոր է շաբաթ օրը 400 տեղանոց էլեկտրագնացքում 400 ուղեւոր էլ լինի: Դա նախապես վաճառվող տոմսերով չէ, ինչպես միջազգային ուղղությունների կամ ճեպընթացի դեպքում, մարդիկ իր ժամին գալիս-նստում են, տոմսերը վաճառվում են տեղում»: Ճշտող հարցին՝ արդյոք դիմել են պարետատուն, Գրդզելյանը պատասխանեց, որ՝ ոչ, սակայն դեպի Սեւան ուղղության մասով սպասում են առանձին որոշման: «Այս գնացքներում սոցիալական հեռավորություն պահել չենք կարող: Եթե Արտակարգ դրությունը չեղարկվի, մենք, իհարկե, ուղղակի կսկսենք երթերը, եթե իհարկե, սեզոնի ավարտ չլինի»:

Ինչպե՞ս որոշվեց վերանայել ուղեվարձը՝ իջեցնել հարցին ի պատասխան՝ Գրձելյանն ասաց. «Մենք մշտապես համագործակցում ենք նախարարության հետ, մեր ուղեւորափոխադրումների մասով անընդհատ բանակցում ենք՝ նոր ուղղություններ բացելու, եղածը չեղարկելու առումով, գնային քաղաքականության համար: Հիմա ուղեւորափոխադրումներից ստացած մեր վնասը որոշակի չափով կոմպենսացնում է կառավարությունը, հիմնականը վնասը մենք ենք կրում: Քանի որ պայմանագրով նշված է, որ ուղեւորափոխադրումների մասով մենք պիտի համատեղ որոշումներ ընդունենք, համատեղ քննարկել ենք, համատեղ որոշել ենք եւ իրականացրել ենք»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ նախատեսում են ՀԿԵ-ի հետ դիտարկել ճեպընթացների ուղեվարձերի իջեցման հարցը: ՏԿԵ-ին արված մեր բազմաթիվ հարցումներն այս ընթացքում մնացել են անպատասխան:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…