21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ

Danakov krcqavandakin

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի բնակչի կողմից 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արթիկի բնակիչը, ով ոստիկանության ծառայող է, ահազանգել, այնուհետև՝ զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր հետ նույն փողոցում բնակվող հարևանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվել է երիտասարդ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Արթիկ քաղաքի 48-ամյա բնակիչը գնացել է իր կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել քենակալի հետ և հայհոյել, որի ժամանակ դանակով հարվածել է վիճաբանությունը հանդարտեցնել փորձող կնոջ քրոջ 21-ամյա որդու կրծքավանդակին և հեռացել դեպքի վայրից:

Ճանապարհին 48-ամյա տղամարդը հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել և բացատրություն տվել դեպքի շուրջ:

Երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով թափանցող վերքի ձևով, հասցվել է սուր ծակող-կտրող գործիքով, և առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…