Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

yntrakasharq

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:

Այսպես, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր:

Մասնավորապես, տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին և կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:

Ընտրություններին մասնակցելուց հետո վերը նշված անձը ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ:      

Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…