Ռուսաստանաբնակ միլիադատեր Սերգեյ Սարկիսովը պարտավորվել է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը

Miliardater

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին, հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը:

Ինչպես նշում է rbc.ru-ն, միլիարդատերն այս մասին ասել է  Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեա»-ի անունից նամակ-դիմումում:

Սարկիսովն ընդգծել է, որ ամաչում է նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բարբարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծեծելով ու սպանելով միայն ազգային պատկանելության պատճառով:

Նա դիմել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

«Նախապապիս  մորթել են ազգային և կրոնական ատելության հողի վրա, իսկ պապիս ու նրա քրոջը փրկել են այդ նույն ազգի այլ ներկայացուցիչներ՝ լավ մարդիկ, ովքեր վտանգել են սեփական կյանքը: Ամեն ազգի մեջ էլ կան մարդիկ, որոնցով հպարտանում ես և որոնց համար ամաչում ես: Ես և եղբայրս ծնվել և մեծացել ենք Մոսկվայում: Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ՝ հրաշալի և վեհանձն մարդիկ, որոնց հետ ընկերությունն ինձ համար շատ թանկ է: Ես նրանց առաջ ամաչում եմ այն վանդալների պատճառով, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցումը դրսևորել բռնության և ավերման միջոցով: Ես ամաչում եմ իմ հայ բարեկամների ու ընկերների առաջ նրանց համար, ովքեր, իրենց հայրենիքից հեռու գտնվելով, ազգայնականության բարբարոսային դրսևորում են սկսել՝ մարդկանց սպանելով ու ծեծելով միայն այլ ազգի ներկայացուցիչ լինելու համար:

Դիմում եմ հայ և ադրբեջանական մտավորականության, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կանգնեցրեք, խելքի բերեք վանդալներին ու ծայրահեղականներին: Բացատրեք, որ մեր ազգերին հարիր չէ հարցեր պարզաբանել այն տանը, որտեղ մեզ ընդունել են, ապրելու ու աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին տանտերերի նկատմամբ անշնորհակալության և անարգանքի անթույլատրելի դրսևորում է: Կանգնեցրեք նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց հայրենակիցներին ծայրահեղականության և բռնության են սադրում:

Մեր ընտանիքը պարտավորվում է փոխհատուցել  ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը, որը պատճառել են հայերը՝ հիմարության կամ մոլորվածության պատճառով հավաստացած լինելով, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է բղավում ու ապակիներ է կոտրում: Նրանց համար, ովքեր մոռացել են հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է շպրտում իրեն կամ իր ընտանիքը վիրավորողին, ով պաշտպանում է հայրենիքը ոչ թե հյուրընկալած երկրում, այլ նախնիների հողում: Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեզ հետ համակարծիք են և նույնկերպ կվարվեն»,-ասել է Սարկիսովը:

 

a1plus.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…