«Լինթաբը», որ ծառի բնի տարեկան օղակները հաշվող մանրադիտակ է, օգնում է ստուգելու

Manraditak

Մարդիկ կախված են անտառներից՝ շնչած օդից մինչև օգտագործած փայտը: Անտառը՝ որպես կենսամիջավայր, կանխում է հողի էրոզիան, նույնիսկ մեղմացնում կլիմայի փոփոխությունը, բայց մարդիկ թույլ են տալիս, որ անտառներն անհետանան նաև ապօրինի ծառահատումների պատճառով:

Հայաստանում անտառները տարածքի շուրջ 11%-ն են, մինչդեռ հանցագործություն համարվող ապօրինի ծառահատումների ավելի քան 10 դեպք է բացահայտվում յուրաքանչյուր ամիս:  

«Լինթաբը», որ ծառի բնի տարեկան օղակները հաշվող մանրադիտակ է, օգնում է ստուգելու ապօրինի ծառահատումների տեղն ու ժամանակը՝ աջակցելով Հայաստանում անտառների պահպանությանը:

Ոչ մի շանս անօրինական ծառահատումներին

«Յուրաքանչյուր ծառ բացառիկ է, և «Լինթաբն» օգնում է ընթերցել ծառի հանրագիտարանը»,- ասում է Տիգրան Հայրապետյանը՝ Հայաստանի ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի (ՓԱԲ) երկու փորձագետներից մեկը, որն օգտագործում է «Լինթաբը» դենդրոքրոնոմետրիկ (ծառի ժամանակագրություն) քրեագիտության համար:

Թեև դենդրոքրոնոլոգիան բնափայտի օղակների տարեկան աճն ուսումնասիրող գիտություն է և արմատներով հասնում է մինչև Լեոնարդո դա Վինչիի ժամանակներ, այն միայն վերջերս է դարձել քրեագիտության մաս:

«Փորձաքննությունը բացահայտում է ծառատեսակների մասին տեղեկությունները, թե երբ և որտեղ են տեղի ունեցել ծառահատումները, քանի տարեկան է ծառը ,և արդյոք այն կենսունա՞կ էր հատման պահին»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:

Սա կարևոր տեղեկություն է ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու համար, քանի որ անտառահատներն այլևս չեն կարող մեկանգամյա թույլտվության փաստաթղթերով արդարացնել ապօրինի ծառահատումների տարբեր խմբաքանակները:

«Լինթաբն» արդեն օգնել է գտնել խարդախներին ապօրինի ծառահատման 35 դեպքերում: Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 800 նմուշ՝ համեմատության համար վերցված մոտ 1000 նմուշի հետ: Ավելի քան 70 քրեական գործերի մասով էլ դեռ սպասում են «Լինթաբի» միջոցով փորձաքննությանը:

Փորձաքննության ընթացքում գործիքն օգնում է որոշել, թե երբ և որտեղ է կտրվել ծառը, կենսունա՞կ էր ծառը կտրելու ժամանակ, թե՞ ոչ:

«Ծառերի կենսունակության որոշումը կարևոր է, քանի որ բոլոր քրեական գործերում պետք է հաշվարկվի բնությանը հասցված վնասը: Մասնավորապես, մայրաքաղաքում մենք պետք է վստահ լինենք՝ սանիտարական հատո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ ծառերն ապօրինի են հատել»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:  

ՓԱԲ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հավաստիացնում է, որ մոտ 3 տարի առաջ, երբ «Լինթաբը» դեռ չկար, Հայաստանում նմանատիպ փորձաքննություն անցկացնելու ոչ մի հնարավորություն չկար:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Գերմանիայում և Ռուսաստանում վերապատրաստված մասնագետները լուծումներ են տալիս այն իրավիճակներին, որոնք նախկինում հնարավոր չէր փարատել:

«Ծառահատման ցանկացած արդարացում կարող է ստանալ իր պատասխանը՝ «Լինթաբի» օգտագործմամբ վստահորեն ասելով, թե արդյոք ծառը հատել են նախօրեի՞ն, թե՞ տարիներ առաջ»,-ասում է Արգամ Հովսեփյանը:

Նա վստահ է, որ ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիսարևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի տրամադրած «Լինթաբը» փորձաքննությունների զարգացման բազմաթիվ հնարավորություններ է բերել:

«Մենք ուրախ ենք, որ կան ուղղություններ, երբ մեզ են դիմում օգնության համար, և մենք ներկայացնում ենք մեր փորձը միջազգային գործընկերներին: Դենդրոքրոնոմետրիկ փորձաքննությունը դարձել է դրանցից մեկը»,- ասում է ՓԱԲ-ի տնօրենը:

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին

Արգամ Հովսեփյանը նշում է, որ «Լինթաբն» օգնում է որոշել ծառերի աճի առանձնահատկությունները, ինչը կարևոր է անտառվերականգնման հիմնավորված որոշումներ կայացնելու համար. ո՞ր տեսակները որտե՞ղ կարող են ավելի լավ աճել:

«Լինթաբն» ընձեռում է գիտական ​​հետազոտությունների լայն հնարավորություններ` կլիմայի փոփոխությունից մինչև հնագիտություն, անտառվերականգնման պլանավորումից մինչև կլիմայագիտություն: «Ծառի բունը տարբեր շերտեր ունի՝ կեղևից մինչև միջուկ, արանքում բնափայտն է, որ հսկայական տեղեկություն է պարունակում, թե անցյալում եղե՞լ են արդյոք հրդեհներ կամ երաշտներ, ջրհեղեղներ կամ աղետներ»,- բացատրում է ՓԱԲ-ի հավաստագրված և տարիների փորձ ունեցող մյուս փորձագետը՝ Աննա Պետրոսյանը:

«Ձեռքի շատ թեթև շարժումը հնարավորություն է տալիս դիտարկել նմուշը միկրոճշգրտությամբ»,- ասում է Աննա Պետրոսյանը:

Նա խոստովանում է, որ բնափայտի օղակների չափման ճշգրիտ և հեշտ օգտագործելի գործիքն առավելություն է ի համեմատություն այն ժամանակների, երբ ծառերի տարիքը որոշվում էր միլիմետրային թղթով և մատիտով՝ փոքր ճշգրտությամբ և հավաստիությամբ: Դա կարող էր օրեր տևել, մինչդեռ «Լինթաբով» հիմնական գործընթացը կարող է տևել 2-6 ժամ՝ կախված նմուշի հստակությունից և վիճակից:

Նմուշը վերցվում է հորատման սարքով՝ ստանալով 4-5 մմ տրամագծով և 10-15 սմ երկարությամբ միջուկներ: «Այդ նմուշ-միջուկը ծառի, անտառի, տեղանքի և դրա կլիմայի մասին ամբողջ պատմություններ է պատմում: Չնայած երբեմն ծառահատները փորձում են ոչնչացնել կոճղերը, այրել կամ յուղ լցնել, սակայն եթե կոճղից փոքր մի մաս մնացել է, ուրեմն «Լինթաբն» իր գործը կանի»,- ասում է Աննա Պետրոսյանը:

* ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի (UNDP) կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիսարևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ: 

Ծրագրի թիրախային տարածք համարվող Լոռու և Տավուշի մարզերում է կենտրոնացած Հայաստանի անտառային ռեսուրսների 65 տոկոսը, որը նաև կարևոր էկոհամակարգային ծառայություն է մատուցում՝ ներառյալ ջրամատակարարումը (քաղաքային օգտագործման և սննդի արտադրության համար), սողանքների կանխումը և ածխածնի պահեստավորումն ու կլանումը: Այս շրջաններում հողերի և անտառների դեգրադացիայի հիմնական պատճառը անտառահատումներն ու անտառային ռեսուրսների գերօգտագործումն է:

 

1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…