Կապսի ջրամբարը կկառուցվի, իսկ Ջրաձոր համայնքը կվերաբնակեցվի այլ տեղում

Kapsi jrambar

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կառավարության այսօրվա նիստին զեկուցեց Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու հարցը: Նախարարի տեղակալը հստակեցրեց՝ խոսքը Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի հաստատման մասին է:

«Խոսքը Շիրակի մարզում՝ Գյումրիից հյուսիս՝ 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում 1985 թվականից դեռևս նախատեսված Կապսի ջրամբարի մասին է, որի նպատակը 30 հազար հեկտար հողերի ոռոգման ապահովումն էր: 1988 թվականի երկրաշարժը և դեպքերի հետագա զարգացումները բերեցին նրան, որ այդ շինարարությունը 1993 թվականին կասեցվեց, ինչի արդյունքում ունենք քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը: Եվ իրավիճակ, որ Ջրաձոր համայնքում ոչինչ չի արվել՝ ակնկալելով, որ ջրամբարն  այնուամենայնիվ հետագայում պիտի կառուցվի»,- նշեց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ 2014 թ. ՀՀ Կառավարության և գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է շուրջ 60 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր ծրագրի իրականացման համար:

Տերտերյանի խոսքով՝ ջրամբարի կիսատ վիճակը վտանգ է ներկայացնում, քանի որ կիսակառույց է, երկար տարիներ չի շահագործվել և պետք է գործընթացը շարունակել:

«Առաջին փուլով նախատեսվում է Կապսի ջրամբարի շինարարություն՝ 25 միլիոն խմ տարողությամբ: Երկրորդ փուլը՝ մինչև 60 մլն խմ ջրատարողությամբ ջրամբարի կառուցում: Երկրորդ փուլում մենք ոչ միայն կունենանք ավելի մեծ ջրատարողությամբ ջրամբար, այլև միավոր ծախսերը, այսինքն՝ 1 խմ-ին բաժին ընկնող ծախսերը էապես նվազում են: Հետևաբար՝ մենք առաջին փուլին զուգահեռ պիտի մտածենք ու անմիջական շարունակական դարձնենք նախագիծը՝ մինչև 60 միլիոն խմ դարձնելը»,-նշեց Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ պետք է անմիջապես լուծել Ջրաձոր համայնքի բնակիչների վերաբնակեցման հարցը: Ուսումնասիրել են՝ 70 և ավելի տնտեսություն՝ շուրջ 352 մարդ, ամբողջությամբ հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի ջրամբարի հայելու հարևանությամբ:

«Մի դեպքում՝ բնակիչներին անհատական լուծումներ ապահովելու դեպքում, գնահատականը եղել է 3.2 մլրդ: Մյուս դեպքում՝ գյուղի անմիջական վերաբնակեցման մասով, ունենք 4.9 մլրդ դրամի գնահատական: Բնակչության հետ քննարկումներն ու հանդիպումները բերում են նրան, որ բնակիչները հակված են ամբողջական գյուղական միջավայրի ու հանրույթի պահպանմանը»,- նշեց Տերտերյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է նշել, որ ջրամբարի կառուցմամբ հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների համար: Մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների արտադրման մասով: Նաև երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից նոր բնակավայր է ստեղծվելու, գյուղ է կառուցվելու:

«Ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի և նրա բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի մասին կոնկրետացնելու առումով: Եվ քաղաքաշինական այն մեծ պրոբլեմները, որ ունենք, այստեղ կարող ենք որոշակի լուծումներ տալ, որ այն զարգանա քաղաքաշինական զարգացման կանոնների համաձայն և լինի մոդելային»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ Վեդու ջրամբարի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին: Պետք է ջրամբարաշինության հետագա անելիքներն էլ ավելի կոնկրետացնել, քանի որ ջուրը գնալով դառնում է ավելի ու ավելի կարևոր ռեսուրս, իսկ Հայաստանում տարեկան ձևավորվող 7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից մենք կարողանում ենք դեռևս կառավարել չնչին՝ 10-15 տոկոսը միայն:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…