Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներո՞վ. Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել

Arkadi Ghukasyan

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ս.թ. հուլիսի 27-ին Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Ըստ դատախազության՝ գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասով (Հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը մեր զրույցում ասաց, որ ի հայտ են եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բացառում են Արկադի Ղուկասյանի մահափորձի գործով մի շարք դատապարտված անձանց գործողություններում հանցակազմի առկայությունը:

«Այսինքն, կոպիտ ասած, գործը կարվել է պարոն Բաբայանի վրա»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ ժամանակին Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով:

Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց:

Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարեց. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ի՞նչ է կատարվել. 2000-ին հանցագործները ովքե՞ր էին, տեռորիստներն ովքե՞ր էին, եւ ի՞նչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…