Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ. Զոհրաբ Մնացականյան

france24

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 լրատվականին: 

— Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք պատասխանել են Հայաստանի կողմից սանձազերծված հրետակոծությանը: Ես կցանկանայի սկսել սրա վերաբերյալ Ձեր արձագանքով:

— Թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, թե Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով: Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ եղել են բազում առաջարկներ՝ ձևավորելու ռիսկերի նվազեցման, հրադադարի խախտումների հետաքննության և զինադադարի ռեժիմի ամրապնդման շատ հստակ մեխանիզմներ, որոնք կտրականապես մերժվել են Ադրբեջանի կողմից, քանի որ ուժի կիրառումը հենց Ադրբեջանի գործիքն են:

— Երկու կողմերում եղել են ռազմական և քաղաքացիական կորուստներ: Հայաստանի պարագայում Դուք կարո՞ղ եք հաստատել երկու կողմերից ռազմական և քաղաքացիական կորուստների մասին տեղեկությունները:

— Ինչպես ես նշեցի՝ զանգվածային հարձակում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի վրա՝ հյուսիսից հարավ ամբողջ երկայնքով: Հարձակումներ են տեղի ունենում Մարտակերտի շրջանի խաղաղ բնակավայրերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Կիրառվել են ծանր հրետանի, ավիացիա, տանկեր, ԱԹՍ-ներ: Եվ ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով և ավիացիայով: Եվ սա շատ մտահոգիչ է:

— Մենք տեղեկություններ էինք ստանում այստեղ, որ Ադրբեջանն, ի վերջո, ռազմական դրություն է հայտարարել, ինչը Հայաստանն, իհարկե, արդեն արել է: Ինչպիսի՞ն է այժմ տեղում իրավիճակը:

— Արցախի բնակչությունն ու Արցախի զինված ուժերը եղել և մնում են լիովին վճռական պաշտպանելու իրենց հողերը և պաշտպանելու իրենց ազատությունը: Հայ ժողովուրդը, Հայաստանի զինված ուժերը, հայկական պետությունը եղել և մնում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մենք միանգամայն վստահ ենք և վճռական՝ հետ մղելու այս ագրեսիան և ամուր կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության համար:

— Դուք մտավախություն ունե՞ք, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել: 

— Մենք շատ մտահոգված ենք այս ագրեսիվ, լայնածավալ հարձակումով. Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ: Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր զարգացմանը, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, բայց ինչպես ես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով:

— Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք, որ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, գլուխ է բարձրացնում Լեռնային Ղարաբաղի չլուծված համակարտությունը: Դուք տեսնու՞մ եք դրա լուծումը:

— Իհարկե, մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը: Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…