Հզոր ու ամուր Սփյուռքը իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սփյուռքին

spyurq banak

Հզոր ու ամուր Սփյուռքը իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սփյուռքին
Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր և եղբայրներ,
Մեծ հիացմունք, խորը հուզմունք և անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։
Ուզում եմ, որ իմանաք՝ Հայրենիքը լսում է և զգում յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ խոսքը, ձեր սրտերի անհանգիստ բաբախյունը, ուր էլ դուք լինեք, ինչքան էլ հեռու գտնվեք։
Այսպիսի հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։
Հայրենիքը երախտապարտ է այն օգնության համար, որ ցուցաբերում եք Ձեր նյութական աջակցությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին ձեր ակտիվ մասնակցությամբ:
Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի և Արցախի դեսպանն է դրսում: Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով և ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը:
Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ներկա իրավիճակում պետք է շարունակենք բազմապատկել մեր ջանքերը:
Շարունակե՛ք նույն ոգով և նույն նվիրվածությամբ, որովհետև այս անգամ մեր դեմ՝ Արցախի ազատատենչ ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլև ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով: Սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ հայերի էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացրեց Օսմանյան կայսրությունում:
Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն: Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։ Որևէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք:
Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։
Հաղթանակը մերն է լինելու։ Աստված պահապան բոլորիս:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story