Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

anynduneli

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:

Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի:

Նախագահ Սարգսյանն այնուհետև ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:

Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:

Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվլինին ուղղված նամակում:

Նախագահ Ռիվլինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը: 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…