Համազգային դրամահավաքին մինչև 5 մլն դոլար փոխանցումների դեպքում ՀԲԸՄ-ն կկրկնապատկի գումարը

kkrknapatki

Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որը միացել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքին, մինչև 5 մլն դոլարի շեմը կկրկնապատկի իր հետևորդների փոխանցումները:

«Միությունը կոչ էր արել իր բոլոր հետևորդներին միանալ համազգային դրամահավաքին. հիմա որոշել են մարտավարությունը փոխել և ավելի արդյունավետ դարձնել: Ավելի մեծ միջոցներ ներգրավելու համար ՀԲԸՄ-ն հայտարարում է, որ նրանք, ովքեր միության առանձին դրամահավաքին, որը համազգային դրամահավաքի մասն է, գումար փոխանցեն, միությունը կկրկնապատկի այդ գումարը մինչև 5 մլն դոլարի շեմը: Այսինքն, եթե իրենց մոտ հավաքվի 5 մլն դոլար, միությունը այն կկրկնապատկի ևս 5 մլն դոլարով, եթե 1 մլն դոլար լինի, այն կկրկնապատկվի ևս 1 մլն դոլարով: Կրկնապատկման շեմը 5 մլն դոլարն է»,-

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնել էր, որ համազգային դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման, որովհետև մարդիկ գումարներ են նվիրաբերում աշխարհի տարբեր ծայրերից: «Չկա մեծ կամ փոքր համայնք, որը չի մասնակցում այս ամենին: Մարդիկ գումարներ են ուղարկում. մեր գրասենյակի և մեր մյուս գործընկեր կազմակերպությունների, որոնք սփռված են ամբողջ աշխարհում, հեռախոսները չեն դադարում զանգերից ու այցերից»,- շեշտեց հիմնադրամի տնօրենը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատներին, քաղաքական կուսակցություններին, բարեգործական միություններին, որոնք աջակցում են իրենց:

Հիմնադրամի տնօրենի հավաստիացմամբ՝ մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որ կարողանանք հաջողություններ գրանցել առաջնագծում: «Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին՝ հնարավորինս ակտիվ լինել: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք: Ես չեմ ուզում ուղղակի նշել երկրներ կամ քաղաքներ, որոնք միացել են մեզ, բայց պետք է ասեմ, որ Վլադիվոստոկից, Ավստրալիայից, ամբողջ Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից, ԱՄՆ-ից մեզ աջակցում են: Միացել են համայնքներ, որոնք երբեք ակտիվ չեն եղել. օրինակ՝ Քլիվլենդը»,- տեղեկացրեց Հայկակ Արշամյանը:

Անդրադառնալով հիմնադրամի հոսքերով եկած գումարների տնօրինմանը՝ նա նշեց, որ գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ, և հիմնադրամից ոչ ոք անհատապես որոշում չի կայացնում:

Հավաքված գումարներն ուղղվում են թիկունքի ամրապնդմանը. կարող են օգտագործվել  մեքենաների համար, մարտերում վիրավորվածների բուժման, առողջապահական սարքավորումների գնման, այլ հումանիտար նպատակով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում հավաքվել է ավելի քան 29 մլն ԱՄՆ դոլար:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…