Եվրապատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային

Evroxohurdaran

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված հարցի քննարկումը։ Հերթագրված եվրապատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը:

Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը և նշել, որ Անկարան, մեղմ ասած, չի դրսևորում Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի պահվածք: Միակ խորհրդարանը, որը հանդես է եկել միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, եղել է Հունգարիայի ներկայացուցիչը:

Իսպանիայի ներկայացուցիչ Խորդի Սոլեն կոչ է արել առաջնահերթ հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ դրա անտեսումն է հենց աշխարհի տարբեր երկրներում սկիզբ առած հակամարտությունների պատճառը:

Շվեդիայի ներկայացուցիչ Շարլի Վիմերսը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ողբորգությունն Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի համատեղ բռնապետական նախաձեռնությունն է: Նա նաև մեջբերել է Անդրեյ Սախարովի խոսքերը, թե Արցախում ընթացող պատերազմն ամբողջ աշխարհի ժողովուրդների կյանքի և մահվան պայքարն է:

Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը պնդել է, որ տարածաշրջանի էսկալացիայի պատճառը Թուրքիայի նկրտումներն են, իսկ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է:

Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ Իտալիայից նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող գործողությունները բացարձակապես անընդունելի են, և Թուրքիայի ներգրավվածությունը պետք է լրջորեն դատապարտվի:

Անդրիու Կուբիլիուսը՝ Լիտվայից կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը և ասել. «Դուք ոչնչացնում եք ձեր և ձեր երեխաների ապագան»: Նա նաև հորդորել է նաև խաղաղության հաստատման գործում ներգրավել ԱՄՆ-ին:

Սլովակիայից Ռոբերտ Հայշելը նշել է .«Մինչդեռ մենք քննադատում ենք կողմերին, Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին և Ադրբեջանին: Այնտեղ մահանում են քաղաքացիներ, հայեր, լրագրողներ: Ռուսաստանն այժմ չեզոք դիրքորոշում է դրսևորում, Թուրքիան նույնպես պետք է չեզոքություն պահպանի»:

Նատալի Լուսիո, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հիմա էլ ներգրավված են այս ամենի մեջ: Ժամանակն է իրենց անուններով կոչել պատմական իրադարձությունները»:

Ալեսանդրո Պանցա, Իտալիա. «Չմոռանանք, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր, և հենց հայերն էին, որ Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության և հիմա էլ նրանց ինքնորոշման իրավունքն է վտանգված»:

Ռայնարդ Բյուտիկոֆեր, Գերմանիա. «ԱՄՆ-ն չի ակտիվանում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Թուրքիան լարվածությունը թուլացնելու փոխարեն ավելի է սրում այն: ԵՄ-ն ֆորմալ դերակատարում չունի, բայց ո՞վ, եթե ոչ մենք պետք է նպաստենք հակամարտության լուծմանը»:

Մարտին Զոնեբորն, Գերմանիա. «Չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակում է արշավը, Ադրբեջանը միաժամանակ խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կլաստերային ռումբեր և նպաստում 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության իրագործման շարունակությանը: Արցախի ժողովուրդը փորձում է իրականացնել ինքնորոշման իրավունքը»:

Ժորդան Բարդելա, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, սակայն պետք է դա անի: Արցախը հիանալի վայր է»:

Ֆրանսուա Ալֆոնսի, Ֆրանսիա. «Հայերն արդեն մեկ անգամ տուժել են Թուրքիայի գործողություններից՝ 100 տարի առաջ: Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի բռնապետի վրա՝ նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելով»:

Անդրեյ Ջանբարսկի, Բուլղարիա. «100 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց Հայոց ցեղասպանության կորուստները: Այսօր էլ անպատիժ մնալով՝ Թուրքիայի բռնապետ սուլթանը փորձում է իրականացնել նույնը: Պետք է գործել, մենք պասիվ ենք: Մեր սրտերը հայերի հետ են, Արարատը պետք է վերադարձվի հայերին»:

Կլարա Պոնտիոս, Իսպանիա. «Մենք պետք է կանգնեցնենք Թուրքիային զենք վաճառելը: Իսպանիան Թուրքիային զենք վաճառողներից մեկն է: Պետք է իրագործվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվրոպան պետք է կանգնեցնի զենքի մատակարարումը Թուրքիային»:

Նիկոս Անդրուլակիս, Հունաստան. «Այս պատերազմը պետք է դադարեցվի: Թուրքիան ցեղասպանություն իրականացրած երկիր է: Պետք է թույլ չտալ միջազգային իրավունքի և օրենքների ոտնահարում»:

Իոաննիս Լագոս, Հունաստան. «Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Հիմա հարց ունեմ պարոն Բորելին:  Մինչև ե՞րբ  պետք է մենք հանդուրժենք Թուրքիայի այս անընդունելի պահվածքը: Անցյալում նրա իրականացրած անընդունելի պահվածքը կրկնվում է հենց հիմա: Անցած 16 ամսվա ընթացքում ես Եվրամիությունից միայն բառեր եմ լսում, սակայն գործողություններ չկան: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, նա էլ հարվածում է հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող մարդիկ հենց հիմա հարձակման են ենթարկվում: Մենք անհապաղ պետք է գործի դնենք Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ և անհապաղ ֆինանսական և ռազմական օժանդակություն տրամադրենք Հայաստանին: Ես հայտարարում եմ, որ ցանկություն ունեմ միանալու հայկական բանակին՝  կռվելու Ադրբեջանի դեմ»:

Բեռնար Գետա, Ֆրանսիա. «Մենք հիշում ենք հայերի ցավը: Ստալինն այնպես էր արել, որ ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներն ունենան առնվազն մեկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված շրջան: Պետք է ԱՄՆ և ՌԴ հետ գործենք»:

Պտեր Վան Դալեն, Նիդեռլանդներ. «Պետք է արդեն գործել: Պետք է Անկարայի հանդեպ պատժամիջոց կիրառել: Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին: Ես նրանց կողքին եմ: 1915-ը չպետք է մոռացվի: Մենք պետք է լինենք Հայ ժողովրդի կողքին»:

Մալիք Ազմանի, Նիդեռլանդներ. «Ինչու՞ մինչև հիմա Թուրքիայի կողմից ահաբեկիչների ուղարկումը հակամարտության գոտի չի հաստատվել և չի դատապարտվել: ԱՄՆ-ն այդքան հզոր հետախուզական ծառայություններ ունի: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Պարոն Բորել, Դուք պատասխանատու են Եվրապոյի հուժկու պատասխանները պատրաստելու համար»:

Պետար Վիտանով, Բուլղարիա. «Ես այսօր տեսա երիտասարդ հայերին՝ իրենց դրոշներին: Տեսնում ենք, որ սա իրոք վերածվում է միջպետական հակամարտության: Թուրքիան չի դադարեցնում ռազմական հռետորաբանությունը: ՆԱՏՕ-ն նույնպես պետք է միանա: Ռուսաստանը նույնպես»:

Լուկաս Ֆուրլաս, Հունաստան. «Նկարները, որոնք տեսնում էինք, շատ տխուր էին: Բազմաթիվ մարդիկ սպանվել են: Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ մարդկանց է սպանում: Որքա՞ն պետք է մենք հանդուրժենք հայերի՝ ագրեսիայի ենթարկվելը: Երեկ Էրդողանը թքեց Եվրոպայի երեսին Ֆամագուստայում տեղի ունեցող իրադարձություններով: Հայերը սարսափելի ցեղասպանություն են տեսել: Ժամանակն է դատապարտել այդ ամենը»:

Ժոֆրի Դիդիե, Ֆրանսիա. «Ի՞նչ է անում Եվրոպան: Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ի՞նչ ենք անում մի երկրի ղեկավարի հանդեպ, որը ցանկանում է սրբել մեր արժեքները: Անընդունելի է շարունակել Թուրքիայի անդամակցության հարցը: Եվրոպան խաղալիք չէ, և մեր արժեքները ոտնահարելն անընդունելի է»:

Լեֆտերիս Խրիստոֆորու, Հունաստան. «Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ այսօր ահաբեկիչների է բերել տարածարջան: Մարդիկ աչքերը փակեցին Հայոց ցեղասպանության, հույների և այլյ ազգերի ցեղասպանության հանդեպ՝ չընդունելով Թուրքիայի հանցագործությունները: Հայաստանի ժողովուրդը մեր արժեքների կրողն է, և նրանք պետք է զգան մեր աջակցությունը: Պետք է դտապարտել Ադրբեջանի և Թուրքիայի արածները: Մենք բոլորս հայ ենք ասատարելով խիզախ հայ ժողովրդին»:

Աննա-Միշել Ասիմակապուլո, Հունաստան. «Հունաստանը նախօրեին արգելեց նեոնացիստ կուսակցւոթյունը, որը հանցագործություն էր քարոզում: ԵՄ-ն չկանգնեցրեց Հիտլերին, տեղի ունեցավ Հոլոքոստը, պետք է կանգնեցնել Էրդողանին՝ թույլ չտալու համար նոր հանցանքներ: Ալիևին և Էրդողանին պետք է պատժել»:

Մարիա Սպիրակի, Հունաստան. «Կոնֆլիկտը հրահրել է Թուրքիան: Հայերն այնտեղ դարեր ի վեր խաղաղ ապրել են»:

Ջոզեֆ Բորել. «Ուղերձը հստակ է, այն կրկնվեց 65 անգամ: Մենք պետք է որոշում կայացնենք արագորեն: Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի, սակայն նրանք արդեն ասել են, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Մենք մտահոգ ենք, որ երեկ Թուրքիայի նախարարը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, առավել մտահոգիչ էր Ադրբեջանի նախարարի հայտարարությունը, թե իրենք կանգ չեն առնի, քանի դեռ Հայաստանը չի հանձնվել: Ի՞նչ է նշանակում՝ գործել: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել՝ միջամտությունը դադարեցնելու համար»:

 

1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…