Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

karavarutyun

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Սա ռազմական գործողությունների ավարտից հետո, կառավարության առաջին լիարժեք նիստն է, և ես խնդրում եմ՝ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով կառավարության առաջին նիստը: Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն: Առաջիկայում մեզ սպասվում է Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: Ես նախ ուզում եմ մեր պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնել իրենց ներդրած ջանքերի համար: Եվ նորանշանակ նախարարներին հաջողություններ մաղթել իրենց գործունեության մեջ:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ մեր բազմաթիվ քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակները: Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը:

Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա:

Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել բավականին մասշտաբային: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ: Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է:

Նույնիսկ այս դժվար ժամանակներում սակայն պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:

Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը:

Շնորհակալ եմ»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…