Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ, և նախևառաջ խնդրում եմ չաղավաղել իմ խոսքերը և դրանք ներկայացնել ամբողջությամբ. Արա Այվազյան

AGN

ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը լրագրողների համար՝ Աժ Արտաքին հարաբերությունների հանձաժողովի հետ փակ հանդիպման արդյունքներով
▪️Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ, և նախևառաջ խնդրում եմ չաղավաղել իմ խոսքերը և դրանք ներկայացնել ամբողջությամբ.
⏺Առաջին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության դաշտ: Վստահ ենք այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները:
⏺Երկրորդ, մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որը միասնաբար և հերոսաբար դիմակայեցին Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեցին այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորած է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը:
⏺Երրորդ, այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն:
▪️Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…