Կապանի զորամասից ստացված տեղեկությունների համաձայն՝ զինծառայող Ա. Խաչատրյանը, որը 2021 թվականի փետրվարի 2-ին լքել էր զորամասը, գտնվել է գերեզմանոցում։ Զինծառայողները նշել էին, որ պատերազմից հետո Ա. Խաչատրյանը ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ, ստացել էր ծանր հոգեբանական վնասվածքներ և գտնվել էր կանտուզիայի վիճակում։
Համածառայակիցները նշել են, որ զինվորի հոգեկան վիճակի վրա ծանր ազդեցություն էր թողել իր աչքի առջև զոհված հերոս Անանիա Արամյանի մահը։ Երկարատև որոնողական աշխատանքներից հետո զինծառայողները գիշերվա ժամերին գտել են Ա. Խաչատրյանին՝ հերոս Անանիա Արամյանի գերեզմանոցի տապանաքարը գրկած վիճակում։
Ա. Խաչատրյանի հայրը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ որդին ունի հոգեկան առողջության լուրջ խնդիրներ և չի կարող ենթարկվել պատասխանատվության։ Հայրը նշել է նաև, որ մտադիր է բողոք ներկայացնել պաշտպանության նախարարության դեմ, քանի որ մինչ օրս որևէ օգնություն չեն ստացել, չեն զորացրում և իր որդին փաստացի ծառայության համար պիտանի չէ: «Տղայիս տարան, սարքին գիժ հետ չեն բերել, չեն օգնում, չեն աջակցում», – ընդգծել է հայրը։
