Պատերազմին մասնակցած երիտասարդների մուտքն աշխատաշուկա կհեշտացվի.նախատեսվում են ուսուցման դասընթացներ

integrum

 Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ ստացած 18-30 տարեկան երիտասարդները վերապատրտասվելու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն կունենան: «Նոր էջ» ծրագիրը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արփի Կարապետյանը նշեց, որ գաղափարն առաջացավ դեռ պատերազմի ընթացքում: 

 «Այս ընթացքում ընտրվեց երկու կարևոր սեգմենտ: Մենք աշխատանք տարանք արցախցի երիտասարդների հետ, որոնք ժամանակավոր Հայաստանում էին: Մասնավորապես, բարձր դասարանի աշակերտների շրջանում իրականացրինք մասնագիտական կողմնորոշման ծրագիր: Հիմա ընտրել ենք երկրորդ սեգմենտը՝ այն երիտասարդներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին: Նախաձեռնության շրջանակում փորձելու ենք հասկանալ երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, կարողությունները, ցանկություններն ու հետաքրքրությունները, մասնագիտական ուղին, մյուս կողմից էլ հասկանանք, թե գործատուներն ինչ մասնագետների կարիք ունեն և այդ թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան իրականացնենք ուսուցման և զարգացման դասընթացներ՝ առաջիկա կես տարում ընկերությանն անհրաժեշտ կադրերի համալրումն ապահովելու նպատակով»,-ասաց Արփի Կարապետյանը: 

Մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների շրջանում կարիքների գնահատումից հետո կսկսվեն վերապատրաստման, հմտությունների ու կարողությունների զարգացման աշխատանքներ: Արփի Կարապետյանը նշեց, որ կարիքների գնահատումից հետո կարող են հստակ ասել, թե որ ուղղություններով դասընթացներ կիրականացվեն: Ամեն դեպքում դասընթացները բազմաշերտ են լինելու՝ սկսած վարպետաց դասերից մինչև մասնագիտական դասընթացներ: Արփի Կարապետյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ծրագրին միանալու ցանկություն են  հայտնել մի շարք դասավանդողներ՝ արվեստի, արհեստների, մարքեթինգի, տեղեկտվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներից: Դասընթացները և զարգացման ծրագրերը կազմվելու և մշակվելու են մասնակիցների և գործատուների պահանջները համապատասխանեցնելով:

Այս պահին 400-ից ավելի երիտասարդ արդեն գրանցվել է: Ծրագրում նախատեսվում է ներառել 1000 երիտասարդի, սակայն եթե դիմորդների թիվն ավելին լինի, ապա ասոցիացիան կփորձի հնարավորության սահմաններում աջակցել: 

Տվյալների բազայի հավաքագրումը երեք ուղղությամբ է ընթանում, առաջինը թիրախային շուկան է՝ մարտական գործողություններին մասնակցած երիտասրադները, երկրորդը գործատուներն են, որոնք միանում են նախաձեռնությանը և երրորդը նրանք են, որոնք պատրաստ են նպաստել երիտասարդների զարգացմանը՝ վարպետներ, մենթորներ և թրեյներներ: 

«Մարտի վերջին հստակ գործողությունների պլան կունենանք՝ հասկանալու, թե ինչ դասընթացներ կլինեն: Այն մասնակիցները, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել, դեռ բուժում են ստանում և չեն կարող անմիջական մասնակցություն ունենալ, ապա իրենց համար կկազմակերպվեն հեռավար դասընթացներ»,-ասաց ասոցիացիայի նախագահը:

Ծրագրին ցանկացողները, որպես մասնակից, կարող են գրանցվել հետևյալ հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-masnakic/: Հինգ օրվա ընթացքում ասոցիացիան կապ կհաստատի դիմողի հետ, առաջարկված հարցաթերթիկները լրացնելուց, կարիքները գնահատելուց հետո կմշակվեն ուսուցման և զարգացման ծրագրեր ու կներկայացվեն շահառուին:  «Նոր էջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների սոցիալական ինտեգրացիան։  Ծրագիրն անվճար է բոլոր շահառուների համար: Նախաձեռնությանը, որպես գործընկեր կարող են միանալ հետևյալ հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-gortsatu/, որպես թրեյներ/մենթոր/վարպետ այս հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-trainer/ :

Աննա Գզիրյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…