Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբարձումյանի առանձնատան պարսպի մի մասը և արգելափակոցը

Qandum e

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է ապամոնտաժել ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Երևանում գտնվող առանձնատան պարսպի մի մասը։ Մարությանը 

որոշումը ստորագրել է փետրվարի 25-ին:

Նախկին պատգամավորի առանձատունը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Դալմայի այգիների վերջնամասում։ Առանձնատան հարևանությամբ կառուցապատում իրականացնող «Լույսեր» ՓԲ ընկերութան հիմնադիր Խաչիկ Սահակյանը «Թեժ գծի» միջոցով ահազանգել է քաղաքապետարան, ինչից էլ սկիզբ է առել գործընթացը։

Ի դեպ, այս ՓԲԸ-ն պատգամավորի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցում, որի շինթույլտվությունը Արկադի Համբարձումյանը վիճարկում է դատարանում։ Մինչ այդ էլ փորձել էր ինքը արգելել շինարարությունը, որից հետո «Լույսեր» ՓԲԸ-ն հայտարարություններով հանդես եկավ, որ խոչընդոտվում է ներդրումային ծրագիրը։ Այնուհետև վեճը տեղափոխվեց իրավական դաշտ։

«Թեժ գծին» ահազանգելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղատեսություն և փաստաթղթային ուսումնասիրություն։

Պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ. 135/10 հասցեներին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է Երևան համայնքին պատկանող հողամաս, որը ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով:

Կազմվել է արձանագրություն և սկսվել է վարչական վարույթը, որի ընթացքում էլ հաստատվել է, որ քննարկվող հողամասը գտնվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի /6-11 կետեր/ սահմանափակումների ցանկում։ Հետևաբար այն ծանրաբեռնող շինությունը ենթակա չէ օրինականացման։ Այս գործընթացին զուգահեռ Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, խնդրել, որ օրինականացնեն պարիսպը՝ ընդունելով, որ այն իր կողմից է կառուցվել։ Քաղաքապետարանը մերժել է նախկին պատգամավորի խնդրանքը։

Մի շարք իրավական ակտեր վկայակոչելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է 

չօրինականացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեներին կից ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը:

Մարությանն իր որոշմամբ հանձնարարել  է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, քաղաքապետարանի երկու վարչության օժանդակությամբ, քանդել ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

Ոստիկանությանն էլ առաջարկել է քանդման ժամանակ ապահովել հասարակական կարգը։ Ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձեն Արկադի Համբարձումյանից։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել։

Արկադի Համբարձումյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նման որոշում գոյություն չունի։ Մենք ներկայացրինք, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակվել է այդ որոշումը։ Մարտիրոսյանն ասաց, որ վարչական ակտ կայացնելու դեպքում պետք է վարչական վարույթ իրականացվեր, որի մասին իրենք տեղյակ չեն, չեն մասնակցել, հետևաբար վարչական նման ակտ գոյություն ունենալ չի կարող։

«Արկադի Համբարձումյանը շատ փութաջան է մոտենում իր քաղաքացիական պարտականություններին։ Եվ եթե նման վարույթ իրականացվի, մենք անպայման կմասնակցենք վարչական վարույթին»,- հայտարարեց Արթուր Մարտիրոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, նման վարչական ակտ կայացված լինի, ապա իրենք կարող են դատական կարգով բողոքարկել։ Եթե վարչական վարույթ է իրականացվել, ապա Արկադի Համբարձումյանը պետք է որևէ կերպ ծանուցվեր և մասնակից դառնար վարույթին։ Արթուր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ վարչական նման վարույթի չեն մասնակցել, և եթե վարույթում դրա հասցեատերը չի ներգրավվել, ապա բողոքարկվելու է որոշումը։ Քանի որ վարույթի կողմը չի իրացրել լսվելու իր իրավունքը, և հետևավաբար վարչական վարույթը լեգիտիմ չի կարող կոչվել։

Արկադի Համբարձումյանին պատկանող առանձնատան, հարակից հողակտորների սեփականատերերի, քաղաքապետարանի որոշումների ուսումնասիրությամբ, կադաստրային քարտեզի և բնության մեջ գույքերի համադրությամբ՝ ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք համայնքային հողում ինքնակամ կառույցների դիրքերը։

Արկադի Համբարձումյանը, Երևանի քաղաքապետարանը և կառուցապատող «Լույսեր» ՓԲԸ-ն 2020 թ.-ից դատական գործընթացների մեջ են։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանը նախ դատական կարգով վիճարկում է իր առանձատան հարևանությամբ տրամադրված առաջին շինթույլտվությունը։

Հետագայում Արկադի Համբարձումյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետարանի կողմից իրեն 2.5 միլիոն դրամ տուգանելու մասին որոշումը։ Համբարձումյանն իրեն պատկանող՝ Գագարինի փողոց 135/5 հասցեում ինքնակամ շինարարություն է իրականացրել 2019 թ.-ին, սակայն դատարանը անվավեր է ճանաչել՝ քաղաքապետարանի կազմած տուգանքի որոշումը, որը Երևան համայնքը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Արկադի Համբարձումյանը մեկ այլ հայցով էլ դատարանից պահանջել է քաղաքապետարանին պարտավորեցնել, որ իրեն ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրի։ Գագարինի 135/5 և 135/10 հասցեներում նախկին պատգամավորը ցանկացել է առանձնատներ կառուցել, բայց քաղաքապետարանը նախագծման թույլտվություն չի տրամադրել։

2020 թ.-ի դեկտեմբերին էլ երկու առանձին հայցով Համբարձումյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Լույսեր» ՓԲԸ-ին տրամադրված տարբեր շինթույլտվություններ։

2021 թ.-ի փետրվարի 26-ին նախկին պատգամավորը կրկին դիմել է վարչական դատարան։ Այս անգամ նա պահանջում է քաղաքապետարանին պարտավորեցնել Գագարինի 135/5 հասցեի հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել։

 

hetq.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…