Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները. Մարդու իրավունքների պաշտպան

Datapartyalner

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։ Այս վիճակն անթույլատրելի է:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են և վերաբերում են հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածությանը։ Խոսքը վերաբերում է նաև միևնույն իրավիճակներում իրարից խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելու բողոքներին:
Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կապակցությամբ առկա են օրենսդրական և գործնական խնդիրներ, մասնավորապես՝
1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.
2) Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն.
3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարևոր գործոն:
Այս խնդիրները բարձրացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017, 2018 և 2019 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաև 2020 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում:
Թեև 2020 թվականին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ նախատեսող, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաև 2020 և 2021 թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները կապված Տեղաբաշխման հանձնաժողովի անհիմն, չպատճառաբանված և համանման իրավիճակներում տարբեր որոշումների կայացման հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ:
Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաև Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որևէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների և կամայականության ռիսկերը:
❗ Հիշեցնենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, ինչպես նաև հիմնարկի տեսակը փոխելու հարցերը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…