Պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կարող է բարձրանալ

Maruqyan

 Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության համար թույլատրելի տարիքային ցենզը բարձրացնել: Նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում խոսքով` պատերազմից անմիջապես հետո խնդիր կա պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրել բանակը: 
Ըստ նրա` Կապան, Գորիս համայնքների բնակիչներից առաջարկ են ստացել օրենքի համապատասխան դրույթը փոխել, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո անհնար է շարունակել պայմանագրային զինծառայությունը: Մարուքյանի խոսքով` առաջարկում են շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը, որպեսզի ֆիզիկապես լավ պատրաստված ու զինծառայության փորձով անձինք կարողանան շարունակեն ծառայել բանակում, ոչ թե ստիպված այլ աշխատանք փնտրելով ու չգտնելով՝ արտագաղթեն երկրից: 
Մարուքյանը նաև հավելեց, որ բարձրագույն սպայական կազմի համար զինծառայության շեմը բարձր է, եթե գեներալներին բանակում պահելու ցանկություն կա ավելի բարձր շեմով, ապա նույնը պետք է լինի նաև շարքային կամ ենթասպա զինծառայողների համար: 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ողջունեց նախագիծը, սակայն նշեց, որ ըստ իրեն՝ 63 տարեկան շեմը բարձր է: Մարուքյանն արձագանքեց` 63-ից հետո կնքվող պայմանագերը չեն կարող շարունակվել, եթե տվյալ անձի ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարի զինծառայության համար, ադ դեպքում նա կզորացրվի օրինակ՝ 57-ում, հետևաբար չի կարող ծառայել մինչև 63-ը: 

Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` զինծառայության ժամանակ առողջական տվյալների որոշակի չափանիշներ կան, որոնցում տարիքը պարտադիր հատկանիշներից է, և որքան էլ առողջական տվյալները բավարարեն, որոշակի տարիքի դեպքում լինելու է ֆիզիոլոգիական կաշկանդվածություն: Խաչատրյանը սակայն նշեց, որ շեմի բարձրացման հարցն արդարացված է: 
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, այդուհանդերձ որոշակի առարկություններ ներկայացրեց: Նրա խոսքով` սահմանային տարիքի նախատեսումը չի հանդիսանում միայն Հայաստանի զինված ուժերի կարգավորում, այն ընդունված է բոլոր պետությունների զինված ուժերում և ունի զինծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքների ապահովման անհրաժեշտություն, ինչպիսիք են անձի ֆիզիկական և առողջական համապատասխանությունը զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնին և զինծառայությունից բխող գործառույթներին: Փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունը նախատեսում է սահմանային տարիքի վերանայում` որոշակի բարձրացման միտումով: 
Սարգսյանի խոսքով` ՊՆ-ում կա հանձնաժողով, որին վերապահված է իրավունք հրամանատարության միջնորդության հիման վրա մինչև տասը տարի երկարացնել ծառայությունը: 
«Մենք պարբերաբար նման բարեխիղճ ծառայողների զինծառայության ժամկետը երկարացնում ենք, էս պահին էլ կատեգորիկ դրված չէ, որ կրտսեր սպայական կազմի տարիքային շեմը սա է ու սրանով սահմանափակվեց»,- ասաց փոխնախարարը` կարծիք հատնելով, որ չի կարող 45 տարեկան անձը լինել դասակի կամ գումարտակի հրամանատար: Փոխնախարարն ընդգծեց, որ շեմը բարձրացնելուն դեմ չեն, բայց բոլորի համար 63 տարեկան սահմանելը՝ առանց պաշտոնների, խմբերի դասակարգելու, խնդրահարույց է: 
Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն առաջարկեց կողմ քվեարկել` այն ներառելով լիագումար նիստերի օրակարգում և առաջինից երկրորդ ընթերցում քննարկել: Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…