Գուրգեն Դալիբալթայանը և Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաս­տանի Հան­րա­պետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հան­րա­պետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևները հանձնել է Գուրգեն Դալիբալթայանի և Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամներին:

Հանձնելով պարգևը գեներալ-գնդապետ Դալիբալթայանի որդուն՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է այն ներդրումը, որն առաջին պատերազմում հաղթանակի գործում ունեցել են Խորհրդային Միության տարբեր վայրերից հայրենիք վերադարձած հայ սպաները՝ բերելով ռազմական արվեստ, պրոֆեսիոնալիզմ և իրենց երկար տարիների փորձառությունը. «Գեներալ Դալիբալթայանն կրթություն էր ստացել թե՛ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, թե՛ Գլխավոր շտաբի ակադեմիայում, և իր ողջ փորձառությամբ օգտակար եղավ հայրենիքին՝ դառնալով մեր գլխավոր շտաբի առաջին ղեկավարն ու այնուհետև երկար տարիներ ծառայելով հայրենիքին»:

Հայրենիքի շքանշանը հանձնելով գնդապետ Թաթուլ Ղազարյանի որդուն և եղբորը՝ նախագահը նշել է, որ Թաթուլ Ղազարյանը օրինակ է դարձել իր ռազմական ընկերների, ողջ բանակի համար. «Նրա նվիրվածությունը, կարգապահությունը, որպես հրամանատար որոշումներ՝ փայլո՛ւն որոշումներ ընդունելու տաղանդը բնորոշ են իսկական հերոսին»: Դիմելով հերոսի որդուն՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա ընտանիքը շարունակելու է Թաթուլ Ղազարյանի գործը. «Քո պարտականությունը, տղա՛ս, շարունակելն է այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին»:

Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման ու համակարգման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Նախագահը բժշկական կենտրոնի տնօրենին է հանձնել մեդալը և շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած նվիրումի համար: «Ես հպարտ եմ, որ Երևանում կա հիվանդանոց, որը ոչնչով չի տարբերվում միջազգային հիվանդանոցներից, ինչ-որ տեղ նաև առավելություն ունի, որովհետև պրոֆեսիոնալիզմին ու կարգապահությանն ավելանում է հայկական հոգատարությունը: Այսինքն, մենք գտել ենք այն մոդելը, որը լավագույններից է աշխարհում. պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, մաքրություն և, դրա կողքին, մարդկային ջերմ հոգատարություն,-նշել է նախագահը: -Միայն այդպիսի որակի դեպքում կարող ենք լուծել ոչ միայն ամենօրյա խնդիրները, այլև պատրաստ լինել կորոնավիրուսի նման արհավիրքներին»:

Պարգևատրման արարողության ավարտին, դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանք իրենց հետ կտանեն այն վստահությունը, որ պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը գնահատում են իրենց հարազատների և իրենց ներդրումը. «Մեր ժողովուրդն այսօր գնահատում է ձեզ: Ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր անձ, որը նվիրումով աշխատում է հայրենիքի համար, անպայման իր շնորհակալության խոսքը ստանա: Եվ այս շնորհակալության խոսքը ձեզ, ձեր ընտանիքի համար չէ միայն: Այդ գնահատականը շատ կարևոր է մեր ժողովրդի մնացած բոլոր զավակների համար: Ամեն մարդ պետք է իմանա, որ նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…