Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար

Chnshumner

Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության  խնդիրը անհապաղ պետք է լուծվի, և դա իրապես շատ դրական քայլ կլինի հարևան երկրի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ադրբեջանում իրարարամերժ հայտարարություններ են հնչում: Մի կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ հակամարտությունն ավարտված է, հարցը լուծվում է, և իրենք հիմա պատրաստվում են խաղաղության, բայց մյուս կողմից՝ նրանց խոսքերն ու գործերն ապացուցում են ճիշտ հակառակը: Թե ինչու է այդպիսի ականջ շոյող հայտարարություններ անում Ադրբեջանի նախագահը որոշ լսարանի համար, շատ պարզ է՝ հեռու գնացող նպատակներ ունի, բայց իրականությունն այդպես չէ: Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը չի ավարտվել: Եվ դրա մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր դերակատարներ»,- ընդգծեց Այվազյանը:

ԱԳ նախարարի կարծիքով` տարածաշրջանում իրապես կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ ձևավորելու համար պետք է անպայման հասցեագրել ԼՂ հակամարտության ամենաառանցքային տարրը` ԼՂ կարգավիճակի հարցը:

«Դա պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դա բոլորն են հասկանում, շատ քիչ դերակատարներ կան, որ չեն հասկանում: Դրան հասնելը երկար և դժվարին գործընթաց է: Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Հատկապես հիմա՝ այս ցնցումից հետո, ողջ տարածաշրջանում անհապաղ պետք է լուծում գտնի մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը: Դա կլինի իսկապես շատ դրական քայլ՝ հարևան երկրի կողմից»,- շեշտեց Այվազյանը:

Արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա ԱՊՀ շրջանականերում արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու, որտեղ  կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ, սակայն Ադրբեջանի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ դեռ նախատեսված չեն:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ շփումներին, ապա  պարբերաբար լինում են շփումներ թե ողջ կազմի հետ, թե առանձին համանախագահ երկների և արտգործնախարարների, և դեսպանների հետ»,- հավելեց նախարարը:

Ամփոփելով խոսքը ` Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ ռազմագերիների խնդիրը դարձել է շատ հնչեղ միջազգային ասպարեզում:

«Եթե հետևում եք լուրերին, ապա ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և պատանդառության այս գործելաոճը դարձել է խնդրահարույց Ադրբեջանի համար»,- եզրափակեց Այվազյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…