Արցախի կարգավիճակի որոշում, տարածքների դեօկուպացիա. Այվազյանը ներկայացրեց նոր իրավիճակում ՀՀ-ի մոտեցումները

Ayvazyan

  Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանը մշակել և ԵԱՀԿ նախարարական խորհրդին է արդեն ներկայացրել իր մոտեցումները, որոնք ենթադրում են նաև Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

ԱԳ նախարարը խոսեց նախորդ տարվա մասին՝ համավարակի և պատերազմի մասին՝ տարին համարելով անկախությունից ի վեր թերևս ամենածանրը:

Նա վստահեցրեց, որ ԱԳՆ-ի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել միջազգային հանրության շրջանում ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում՝ Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու ճնշումը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները:

«Այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը: Միաժամանակ այդ զարգացումները ցույց տվեցին, որ կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ պատերազմից հետո ՀՀ ԱԳՆ-ն ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին  անգամ համապարփակ ձևով ներկայացվել են դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ: «Այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրերը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»,-ասաց Այվազյանը:

Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը, միջազգային գործընկերների՝ մասնավորապես ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ: Նախարարը Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի համարեց: ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ՝ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ: «Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմից պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ ու անվտանգ հայրենադարձումը: ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը»,-վստահեցրեց նախարարը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…