Մեղրիի Նռնաձորում կառուցվում է նոր թաղամաս Արցախից տեղահանված բնակիչների համար

nrnadzor

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել են նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Այդտեղ առաջին փուլով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատուն՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մեղրիի զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով: Նախապատրաստական աշխատանքների ու երկու առանձնատան ֆինանսավորում առկա է:

«Մենք նախատեսում ենք այս ծրագիրը հանրայնացնել, իրազեկման լայն արշավ իրականացնել, որ աջակիցների շրջանակն ընդլայնվի: Նախնական տվյալներով՝ մայիսի սկզբին նախատեսում ենք կատարել ծրագրի բացումը, կլինի առաջին տների հիմնարկեքի արարողությունը: Իրազեկման լայն արշավի շրջանակում քարոզչական ակտիվ աշխատանք ենք կատարելու, որպեսզի շատերը տեղյակ կլինեն ու 1000 դրամից սկսած յուրաքանչյուրը ցանկության դեպքում աջակցի»,-ասաց Արմեն Սաքապետոյանը:

Խոսելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ նա նշեց, որ տարածքը շատ ավերակ վիճակում էր, մեծածավալ հողային, հարթեցման աշխատանքներ են իրականացվել մոտ 3 հա տարածքում: Նախապատրաստվել է ամբողջ թաղամասի շինհրապարակը: Արդեն սկսվել է առաջին երկու տների կառուցումը: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 30 տուն: Ընտրվելու են բացառապես այն ընտանիքները, որոնք երիտասարդ են, բազմազավակ են: Տները կառուցվում են 5-6 հոգանոց ընտանիքների համար:

«Շեշտը դրել ենք Արցախից տեղահանված, սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքների վրա: Նախատեսում ենք սկզբում գոնե 200 բնակչի տեղափոխում: Արդյունքում, դպրոցում շարժ կլինի, առաջ կգա մանկավարժներով տեղի դպրոցը համալրելու խնդիր, տրանսպորտի հարցի կարգավորում: Այսինքն՝ ենթակառուցվածքները պետք է բարելավվեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ճանապարհների հետ կապված նույնպես խնդիր կա: Պայմաններն այնպիսին են, որ հողային աշխատանքների համար նախատեսված տեխնիկան շատ մեծ բարդություններով են տեղափոխել: Արմեն Սաքապետոյանի խոսքով, Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանակից գյուղը փորձում են վերաբնակեցնել, այնտեղ աշխուժություն մտցնել:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ ենթակառուցվածքների զարգացումն առաջնահերթ պետք լինի, մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտություն է լինելու:

«2016 թվականից առ այսօր Մեղրի խոշորացված համայնքի 4 գյուղում մանկապարտեզ ենք բացել: Նռնաձորն առաջիկայում ևս մեր ուշադրության կենտրոնում է, խմելու ջրի, ոռոգման ջրի հարցերը լուծված են, ջրավազան է կառուցվել, որը շատ կարևոր է: Մենք բարեբեր հողեր ունենք, եթե ծրագիրը կյանքի կոչվի, այստեղ բնակվելն ու աշխատելը գրավիչ է, եկամուտ ապահովում է: Այսօր մեզ մոտ աճեցվում է նուռ, արքայանարինջ, թուզ և այլն, անասնապահությամբ են զբաղվում»,-ասաց համայնքի ղեկավարը: Նրա խոսքով, շատ կարևոր է նաև բնակիչների հետագա կենսագործունեության, ապրուստի միջոցների հարցը կարգավորելը:

Նռնաձորում ազատ հող չի մնացել: Կառավարության որոշմամբ Դատապարտյալների հիմնադրամին տարիներ առաջ հատկացվել է ժամանակավոր օգտագործման իրավունքով մոտ 140 հա հողատարածք, որն, ըստ էության, այսօր չի մշակվում: Խնդիր է դրված հողի օգտագործման իրավունք ստանալ: Մխիթար Զաքարյանը նշեց, որ նախատեսում են այդ հողերը տրամադրել վերաբնակեցված ընտանիքներին:

«Մեղրիի զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանն էլ ավելացրեց, որ ոչ միայն քաղաքացիների վերաբնակեցման, այլև վերջիններիս աշխատանքով ապահովելու խնդիրներն են լուծում: Հիմնադրամը բանակցել է նռան հումքով գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ, վերջիններս ունեն հետաքրքրություն և պատրաստակամ են մասնակցել տեղում կոոպերացիայի ստեղծմանն ու զարգացմանը:

«Գաղափարն այն է, որ ֆինանսական ներդրումներն անեն գործարարները, բնակիչները ոչ թե լինեն վարձու աշխատողներ, այլ հանդիսանան կոոպերատիվի աշխատողներ: Այդ եղանակով կարող ենք իրականացնել վերջիններիս սոցիալական ապահովությունը, միաժամանակ գաղափար կա էքստրեմալ տուրիզմի զարգացման հետ կապված: Աշխատանքները շարունակական են լինելու»,-եզրափակեց Արմեն Սաքապետոյանը:

Աննա Գզիրյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…