Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակով կոչ է արել վարչապետին պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը

Avstralia

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում իր ունեցած ելույթին, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: Կարևոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես որ է»:

Ի տարբերություն խորհրդարանական տարիների գործունեության՝ արդեն վարչապետ Մորիսոնը, ով պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, հրաժարվել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ տեղի տալով արտաքին ճնշումներին:

«Հիմա Ցեղասպանության ճանաչման ժամանակն է: Ավստրալիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոփոխվող քաղաքական մթնոլորտը և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգայնորեն արվող դրական քայլերը ստիպում են մեզ հավատալ, որ հիմա է ժամանակը»,- ասվում է նամակում:

Հանձնախմբից նշել են, որ վարչապետի պաշտոնը ստանձնելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի փոխվեն անձի արժեհամակարգն ու տեսակետները:

Նշելով, որ Սպիտակ տանից ևս կան դրական ազդակներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝  հանձնախմբի անդամները շեշտել են, որ հիմա ճիշտ ժամանակն է մերժել սպառնալիքները, որոնք կիրառում է ավտորիտար Թուրքիան:

«Ավստրալիայի 50 հազարանոց հայկական համայնքի անունից մենք կոչ ենք անում ձեզ 1915 թվականի դեպքերը պաշտոնապես կոչել իր անունով՝ Ցեղասպանություն»,- ասվում է նամակում:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…