Համայնքապետը աճուրդի գնից 425-ապատիկ թանկ ենթավարձակալության է հանձնել համայնքի հողը. ՀՀ գլխավոր դատախազություն

425 apatik

 Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա ապօրինի աճուրդի միջոցով չնչին վարձավճարով

համայնքապատկան հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության բջջային օպերատորի։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ն, ով դրանից հետո հանդիսանում է Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց վարձավճար վճարելու պատրաստա­կամութ­յան մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն համայնքային բյուջեի փոխարեն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2006թ. օգոստոսի 21-ին իր մոր` Օ. Դ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան ընդամենը 1125 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու պայմանագիր:

«Պայմանագրի հիմքում դրվել է 2006թ. հուլիսի 17-ի մրցութային հանձնաժողովի արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը՝ համայնքի ղեկավարը, հանդիսացել է մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխա­ները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը:

Այնուհետև, համայնքի ղեկավարը վարձակալության պայմանագիր կնքելուց երեք օր անց՝ 2006թ. օգոստոսի 24-ին, մոր միջոցով նույն հողամասը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել բջջային օպերատոր հանդիսացող ընկերությանը, որի արդյունք­ում մինչև 2020թ. փետրվարի 17-ն  ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 5.8 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ փոխարենը համայնքի բյուջե որպես վարձավճար փոխանցելով միայն 15.000 ՀՀ դրամ: Այդ կերպ համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից»,- ասվում է հաղորդագրությայն մեջ:  

ՀՀ գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ 2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7 մլն ՀՀ դրամը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

«Շիրակի մարզի 14 համայքներում պարզված՝ համայնքապատկան հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության  նմանատիպ հանցավոր դրսևորումների կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնցով համայնքների գործող կամ նախկին 6 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Քրեական գործերով հայտնաբերվել է համայնքներին պատճառված ընդհանուր 89 մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14մլն ՀՀ դրամը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…