Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ

Ayvazyan

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:

Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական համարեց, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա  հոբելյանի տարում: 

Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի շուրջ: «Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք բարձր մակարդակի արդյունավետ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մենք հանձնառու ենք խորացնելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն արտահայտվել է նաև COVID19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում, և մենք գնահատում ենք Լիտվայի կողմից մեր երկրին ցուցաբերված աջակցությունը»,- նշեց Արա Այվազյանը: 

Նախարարները շոշափեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը  ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը: 

Հանդիպման առանցքային թեմաներից էին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերը: ԱԳ նախարարները համակարծիք էին Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության շուրջ:

«Հայ ժողովուրդը դեռ շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերների: Մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, և այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը»,- ընդգծեց Արա Այվազյանը: 

Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրն առավոտյան նախարար  Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…