Տուֆաշենցի երեխաները Գյումրու խնամքի կենտրոնից տուն չեն վերադառնա. մայրը դեռ խմում է, հորը չեն գտել. armtimes

Tufashen

2020 թվականի դեկտեմբերին Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքից 5 անչափահաս էր տեղափոխվել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:

Կիսամերկ, ծայրահեղ աղքատության և սանիտարահիգիենիկ սարսափելի պայմաններում ապրող ընտանիքի 3-14 տարեկան 5 երեխաները՝ 2 տղա, 3 աղջիկ, Գյումրի էին տեղափոխվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ: Նրանց մայրը կախվածություն ուներ ալկոհոլից, ամուսնու գտնվելու վայրն էլ անհայտ էր:

Նախարարությունը երեխաներին տեղափոխելուց հետո Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել հոր որոնման ու մոր բուժումը կազմակերպելու աշխատանքներին: Զուգահեռաբար ջանացել են հաջողության հասնել ընտանիքի հարազատների հետ բանակցություններում, որպեսզի երեխաների խնամքը նրանք ստանձնեն:

Հաստատությունում երեխաները մնալու իրավունք ունեին մինչ 6 ամիս, քանի որ գիշերօթիկը հունվարից գործում է որպես «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», որտեղ շահառուները 6 ամիս անց պետք է վերադառնան կամ կենսաբանական ընտանիք, կամ խնդրի լուծման այլ տարբերակ գտնվի՝ խնամակալ ընտանիք, խնամատարություն:

Կենտրոնում երեխաների մնալու ժամկետը օրենքով սահմանված կարգով լրացել է, խնդիրը, սակայն մնացել է այն նույն կետում որտեղ որ էր:

Անչափահասները խնամքի կենտրոնում են, մայրը դեռ խմում է, հորը չեն գտել, երեխաների հարազատներից ոչ մեկը չի ցանկացել նրանց խնամքով զբաղվել:

«Հորաքույր ունի, մորաքույր ունի և այլն: Երեխաների ամբողջ միկրոմիջավայրն ուսումնասիրվել է, հայրական ու մայրական կողմի ոչ մի բարեկամ չի ցանկացել ոչ խնամակալ դառնալ, ոչ խնամատար ծնող: Սոցիալապես անապահով են, դրան էլ գումարվում է նորմալ բնակտարածք չունենալը, որ 5 երեխային էլ տանեն, պահեն: Մենք համապատասխան գրությունն ուղարկել ենք նախարարություն: Երեխաների հետագա ճակատագիրը կորոշի նախարարությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Նախարարությունն արդեն ունի որոշում: Մեզ հետ զրույցում մարզպետարանի պատասխանատուն փոխանցեց, որ անչափահասները կշարունկեն ապրել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում», կմնան պետության հոգածության տակ այնքան, որքան անհրաժեշտ լինի: 

Որտե՞ղ է երեխաների հայրը: Գորգինյանն ասում է՝ չգիտեն. «Հայրը ինչ որ հաղորդագրություններ է ուղարկել, իհարկե, դա ես բանավոր գիտեմ, գրավոր չէ, մեկ ասել է ուզում է խնամել երեխաներին, մեկ ասել է չի ուզում: Ես անձամբ չեմ խոսել հոր հետ, այդ մասին ավելին ասել չեմ կարող»:

Անցած կես տարում երեխաների մայրն այդպես էլ չի կամեցել իր բուժմամբ զբաղվել: Լիլիթ Գորգինյանն ասում է՝ անօգուտ է եղել նաև իրենց միացած Տուֆաշենի համայնքապետի ջանքերը: Կինն անդրդվելի է, խմելը շարունակում է:

Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք կենտրոնում իրենց լավ են զգում, կանոնավոր դպրոց են հաճախում, մայրն էլ, երբ կուզի՝ կտեսակցի, սահմանափակում չկա:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…