Իսպանացի պատգամավորներն իրենց կառավարությանը խնդրել են միջամտել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում

Ispania

 Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ 

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․

«2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից 6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս հրաժարվում է կիրառել նրա հիմնական հումանիտար դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում 200-ից ավելի հայ զինվորներ։ Փետրվարի 26-ին մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարված էր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի և ջիհադիստ վարձկանների կողմից, սակայն համաձայնագրի ստորագրման պահին գրավված չի եղել։

Համաձայնագրի այս կոպիտ խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները։ Նրա համար առաջնային է հայերի նկատմամբ ատելությունը, որոնց խոստացել է «որսալ, ինչպես շների»։ Հիշեցնենք, որ նա և իր դաշնակիցներն էին, որ պանթուրքիզմի անվան տակ 44 օրերի ընթացքում ռազմական ագրեսիա իրականացրին Լեռնային Ղարաբաղում։ Ռմբակոծությունները, հարձակումները և մահապատիժները հանդիսացան մեծամասամբ 20-ամյա 3500-ից ավելի հայ զինվորների մահվան պատճառ,  տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Փաստեր են, որոնք կոտրում են իրենց իսկ պատմական տարածքներում բնականոն կյանքին վերադառնալու հայ ժողովրդի հույսը՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց։

Այս հակամարտության ընթացքում Ադրբեջանը կատարել է տարաբնույթ ռազմական հանցագործություններ։ Կան տարածված  բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տեսնում ենք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մահապատժի և անմարդկային տանջանքների ենթարկելը, անգամ՝ դիակների անդամահատումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ սարսափել կարելի է, թե ինչպես են վարվում նրանց հետ, ովքեր այս պահին գտնվում են այդ նավթային  բռնապետության քմահաճույքի ներքո։ Չպետք է մոռանալ, որ այս ռեժիմը մոլորակում վերջիններից մեկն է համարվում Freedom House- ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում։ Այս որակումը բազմիցս տրվել է նաև  մարդու իրավունքներին առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ։ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես մամուլի ազատության վարկանիշային ցուցակում  180 երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 168-րդ տեղը։Մի պետություն, որ լիդեր է հանդիսանում մարդու իրավունքների խախտման հարցում։

Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը կամ պաշտպանել նրանից զոհերին, սակայն պետք է գոնե ունակ լիներ ապահովել, որպեսզի հարգվեր հրադադարի համաձայնագրի հումանիտար կետը։ Այս կետի իրագործումը նախապայման է բանակցային ճանապարհով վերջնական խաղաղության հասնելու համար։ Իրավունքը պետք է գերիշխի բռնությանն այս տարածաշրջանում, որը չի կարող լքված մնալ բարբարոսության  և տոտալիտարիզմի պայմաններում։  

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Իսպանիայի կառավարությանը, որպեսզի օգտագործի իր ողջ կարողությունը և միջազգային ազդեցությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար»։

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…