Խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. ՔԿ

Qnchakan komite

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ համայնքի «Խաչերի գլուխ» կոչվող վայրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներ, դրսևորելով խտրական վերաբերմունք, հրապարակային հայհոյանքներ են հնչեցրել Ամուլսարի հանքում աշխատող և նման ցանկություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:

2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են նշված վայրում, որտեղ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Ջերմուկ համայնքի վերոնշյալ բնակիչները և նրանց կողմնակիցները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել են, աղմկել և բռնություն գործադրել մյուս կողմի մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել նրանց, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով քարեր են նետել՝ վնասելով շրջակայքում կայանված ավտոմեքենաները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Վիճաբանության մյուս մասնակիցների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story