ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ

HH agn

 ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։

Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը։

Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ 

Վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ  համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։

Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…