Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան

Hayatapman dzaxoxum

 Ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին:

Բաբայանը շեշտեց՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն է՝ հոգեբանականը և աշխարհաքաղաքականը, ոչ թե ռազմականը:

«Սա բազմաշերտ քաղաքականություն է: Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը: Իսկ եթե հայաթափվում է Արցախը՝ լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև մի հսկայական տարածաշրջանում՝ Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Վոլգայի շրջաններ, Սև ծովի ավազան», — ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական և այլ միջոցներով փորձում է հոգեբանորեն ազդել Արցախի հայության վրա, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կտրեն իրենց հույսը և մտափոխվեն Արցախում ապրելու հեռանկարների վերաբերյալ, սակայն այդ փորձերը ձախողված են: Այս համատեքստում նա շեշտում է՝ Արցախում ապրելն արդեն իսկ առաքելություն է դարձել:

«Մենք պետք է շարունակենք ապրել այստեղ: Արցախում ապրելը արդեն իսկ, կարելի է ասել, ինչ-որ մի առաքելություն է, ոչ թե լոկ կենցաղային առօրյա: Հետևաբար պետք է հանգիստ վերաբերվենք այդ ամենին և շարունակենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը: Այդ փորձերն, իհարկե, չեն ազդում, բայց պետք է այնպես անենք, որ ավելի ամրապնդենք մարդկանց հույսն ու հավատը: Դրա համար անհրաժեշտ է համապարփակ, միասնական մոտեցում, ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ ներքին քաղաքականություն պետք է վարենք, և այլն, և այլն», — բացատրեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ նախ և առաջ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան սթրեսից: Երկրորդը՝ պետք է անսասան հավատք ունենան, համախմբած լինեն, և երրորդը՝ տեղ տան ինտելեկտին, պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը:

«Խնդիրները շատ են, անելիքները շատ են, բայց՝ միանգամայն իրականանալի, այսինքն՝ կարող ենք պահել այն, ինչ ունենք», — հավելեց Արցախի ԱԳ նախարարը:

Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել միջադեպերը և հրադադարի խախտումները ինչպես ՀՀ-Ադրբեջան սահմանագոտում, այնպես էլ Արցախում: Օգոստոսի 9-ին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը շփման գծի հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Օգոստոսի 11-ին Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ: Այս տեղեկությունը հաջորդ օրը հաստատեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Օգոստոսի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Արամ Սարգսյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…