Արցախ վերադարձածներին պետությունը ամսական 40 հազար դրամ է տալիս՝ 1 սենյականոց վարձելու համար, մինչդեռ Ստեփանակերտում գները 120-150 հազար են. civic

Arcakh

 44-օրյա պատերազմից հետո Արցախ վերադարձած քաղաքացիները դեռևս կանգնած են բնակարանային խնդրի առջև։ Թեպետ պետությունը պատերազմի հետևանքով տեղահանված, տներն ավերված կամ սոցիալապես անապահով քաղաքացիներին տրամադրում է բնակվարձ, սակայն այն ամբողջությամբ չի փոխհատուցում սեփականատերերի կողմից սահմանված վարձի չափը։ Այլ կերպ ասած՝ Արցախ վերադարձած, գործազուրկ քաղաքացիները ստիպված են լինում բնակարանի վարձի մեծ մասն իրենց միջոցներով վճարել։ 

Civic.am-ի հետ զրույցում Շուշիում իրենց տունը կորցրած ու պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատված ընտանիքներից մեկն ընդգծեց, որ իրենց 1-սենյականոց բնակարանի ամսական վարձավաճարը կազմում է 120.000 ՀՀ դրամ։ Մինչդեռ այդ բնակարանն ունի միջին վերանորոգում, մեկ մահճակալ և մեկ բազմոց։ 

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական Քրիստինե Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումար է տրամադրվում պետության կողմից պատերազմի հետևանքով տեղահանված, տներն ավերված արցախցիներին։
«Ստեփանակերտում 1-սենյականոց բնակարանի համար ամսական տալիս ենք 40.000 ՀՀ դրամ, 2-սենյականոց բնակարանի համար՝ 50.000, 3-սենյականոց բնակարանի համար՝ 60.000 և 4-սենյականոց բնակարանի համար՝ 70.000 ՀՀ դրամ։ Իսկ շրջաններում բնակարան վարձելու դեպքում, օրինակ՝ մեկ սենյակի համար տրամադրում ենք 30.000 դրամ, այսինքն՝ 10.000 ՀՀ դրամ պակաս»,- պատասխանեց Արցախի ՏԿԵ նախարարի օգնականը։ 

Նշենք, որ ըստ Forrights.am-ի՝ օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձել էին հատել սահմանը: Կինն այդ քայլին էր դիմել Արցախում բնակարանային պայմաններ չունենալու պատճառով։ Ըստ հրապարակման՝ 44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանն իր 4 երեխաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարել այդ տան համար, սակայն տանտերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել, և ինքը հեռացել էր տանից: Իսկ տարածքային կառավարման նախարարության կողմից Ասկերանի շրջանի Խանձք գյուղում առաջարկված անվճար տունը, ըստ Իզաուրա Բալասանյանի, կիսաքանդ է եղել և լի՝ օձերով։ 

Արցախի ՏԿԵ նախարարի օգնական Քրիստինե Ալավերդյանը, անդրադառնալով Իզաուրա Բալասանյանի բնակարանային խնդրին, նշեց, որ կինը իրենց մոտ շատ է եկել, և իրենք առաջարկել են Ասկերանի շրջանի Խանձք գյուղում վերանորոգված տուն. «Այդ կինը որոշ ժամանակ ապրեց այնտեղ, բայց ասաց, որ օձեր կան, և դուրս է եկել։ Հիմա այդ տանն այլ մարդիկ են ապրում և գոհ են։ Ինքը մոտ մեկ շաբաթ առաջ էլ մեզ մոտ եկավ՝ ասաց, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում սեփական տուն է գտել, մենք էլ ասացինք, որ պատրաստակամ ենք այդ տունը գնելու և իրեն տալու. պետք է թղթերը պատրաստեր և գար, բայց դեռևս մեզ հետ կապ չի հաստատել։ Մենք ունենք այդպիսի ծրագիր՝ 10 մլն-ի շրջանակներում տներ ենք գնում»։  

Ինչ վերաբերում է հանրակացարանում Իզաուրա Բալասանյանի վարձով ապրելուն՝ ՏԿԵ նախարարի օգնականն ընդգծեց՝ այն հանրակացարանների բնակարանները, որոնք սեփականաշնորհված են, արդեն այդ բնակարանները անվճար չեն տրամադրվում։

Ի պատասխան հարցի՝ ճի՞շտ է, որ Ստեփանակերտում 1-սենյականոց բնակարանների գները 120.000-ից 150.000 դրամի սահմաններում են, Քրիստինե Ալավերդյանն արձագանքեց. «Այո, հնարավոր է այդպես լինել, բայց կարգավորող օրենք չկա, սեփականատերն է որոշում։ Մեր նախարարությունը պայմանագիր է կնքում՝ մեր հասանելիքը տալիս ենք, իսկ մնացածը մնում է սեփականատիրոջ խղճին»։  

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը գրավել էր Կովսականը, Ջրականը, Վարանդան, Շուշի քաղաքը, Հադրութը, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի որոշ հատվածներ: Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Աղդամի, Լաչինի, Քելբաջարի շրջանները ևս անցան Ադրբեջանի տիրապետության տակ։ 

Նարա Մարտիրոսյան

 

civic.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…