Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին. ԱԽ քարտուղարը՝ Դուշանբեում

Dushanbe

 Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա:

Քարտուղարը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և, ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ չնայած այս բարդություններին՝ Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը, և այս համատեքստում կարևորեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ գործընթացի վերսկսումը:

Հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերի, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:

ԱԽ քարտուղարը կարևորեց ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story